Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման եւ պահպանության ուղղությամբ 2022-ի ընթացքում անցկացրած վերահսկողության ընթացքում հանրապետության բուսական աշխարհում արձանագրել է 755 իրավախախտման դեպք, ընդունվել է 218 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, նշանակվել՝ 22 միլիոն 340 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Հայտնաբերվել է ապօրինի հատված եւ մինչեւ աճի դադարեցման աստիճան վնասված 18 հազար 405 ծառ, արձանագրվել է 1231,8 խորանարդ մետր փայտանյութի ապօրինի ձեռքբերում եւ տեղափոխում։ Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը եղել է 893 միլիոն 690 հազար 284 դրամ:
Կենդանական աշխարհում արձանագրվել է 142 իրավախախտման դեպք։ Ընդունվել է 28 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։ Նշանակվել է 2 միլիոն 970 հազար դրամի չափով վարչական տուգանք, արձանագրվել է վայրի կենդանիների ապօրինի որսի 194 դեպք։ Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը եղել է 19 միլիոն 823 հազար 560 դրամ։ Ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների ընթացքում առգրավվել է 13 զենք, որից 6-ը դատարանի որոշմամբ բռնագրավվել է։ Ձկնագողության դեմ պայքարի ընթացքում առգրավվել են 2997 կգ ձուկ, 10 կգ ձկնկիթ, 314 ձկնորսական ցանց, 145 խեցգետնորսիչ, 3 նավակ: