ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը փետրվարի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Նա շեշտել է, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելն իր համար առանձնահատուկ պատիվ է եւ ակնկալում է աջակցելու Հայաստանի եւ հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի խթանմանն ուղղված ջանքերին։
Մինչ Հայաստան ժամանելը Քրիստինա Քվինը 2019-2022 թվականներին եղել է Կիեւում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը եւ ԱՄՆ փոխդեսպանը։ Դրանից առաջ նա Փարիզի ԱՄՆ դեսպանությունում տնտեսական հարցերով նախարար-խորհրդական էր, փոխդեսպանի պաշտոնակատար եւ տնտեսական հարցերով խորհրդական՝ Բանգկոկի ԱՄՆ դեսպանությունում, տնտեսական հարցերով խորհրդական՝ Լոնդոնի ԱՄՆ դեսպանությունում, ԵՄ-ի, Ուկրաինայի եւ Բելառուսի բաժնի ղեկավար՝ Ազգային անվտանգության խորհրդում։
Ծնունդով Կալիֆոռնիայի նահանգից դեսպան Քվինը, որն Օքսիդենթալ քոլեջում բակալավրի, իսկ ԱՄՆ ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում ստացել է ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի կոչումներ, աշխատել է նաեւ Մոսկվայի ԱՄՆ դեսպանությունում, Բրյուսելում՝ Եվրամիության ԱՄՆ առաքելությունում, Մանիլայի ԱՄՆ դեսպանությունում, իսկ մայրաքաղաք Վաշինգտոնում նա զբաղվել է Եվրամիության եւ Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների հարցերով։