Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային եւ արեւելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայում իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Փետրվարի 21-ին ՌԴ խաղաղապահները եւս Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել:
Հայկական ուժերը չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը
Միեւնույն ժամանակ Արցախի ՊԲ-ից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի 20։45-ից փետրվարի 22-ի 01։20-ն իբր կրակ են բացել Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշիի, Մարտունու եւ Քարվաճառի շրջանների տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Փետրվարի 22-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունից էլ հերքել են Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին եւ լույս 22-ի գիշերն իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան եւ արեւմտյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ում նշել են, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե իբր հայկական զինուժն անցած գիշեր գնդակոծել է Տավուշի եւ Նախիջեւանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։