Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Մարդինին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ Ռիադում ընթացող երրորդ միջազգային հումանիտար համաժողովի շրջանակում հայտարարել է, որ միջազգային պատժամիջոցները, որպես կանոն, քաղաքական որոշման արդյունք են։ «Մենք Կարմիր խաչում պնդում ենք, որ պետությունների նկատմամբ պատժամիջոցների որոշումներ ընդունելիս մարդասիրական նկատառումներով բացառություններ արվեն»,- ընդգծել է ԿԽՄԿ գլխավոր տնօրենը:
Նրա գնահատմամբ՝ ԿԽՄԿ-ն չի քննարկի՝ արդյոք արդարացված է այս կամ այն սահմանափակումը, այլ կշարունակի պնդել, որ շատ էական բացառություններ արվեն ցանկացած պատժամիջոցային ռեժիմում, ներառյալ Սիրիայի հարցում:
Մարդինիի համոզմամբ դա կօգնի երաշխավորելու, որ մարդասիրական գործողությունները չեն հետաձգվի, դրանց տրամադրման հարցում խոչընդոտներ չեն առաջանա, քանի որ քաղաքացիական բնակչության կյանքի պահպանման համար դրանք վճռորոշ նշանակություն կունենան: