Այս տարվա մարտին կլրանա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի 15 տարին։ Մեծությամբ 5-րդ ներդրումային բանկը համարվող Bear Stearns բանկի՝ ինքնարժեքից պակաս գնով վաճառքը գործարկեց շղթայական ռեակցիա, որի արդյունքում շեշտակի անկում ապրեց ողջ բիզնես մոդելը, որը հիմնված էր բարդ ֆինանսական գործիքների, երկակի հաշվապահության, հիփոթեքային պարտատոմսերի անվերջանալի աճի հանդեպ կույր հավատի վրա։
2008-ին համաշխարհային շուկաները մի քանի ամսում հայտնվեցին ամբողջական կործանման եզրին։ «Իդեալական փոթորկի» ապոթեոսը դարձավ ամերիկյան ամենից հին եւ ազդեցիկ ներդրումային բանկերից մեկի՝ Lehman-ի սնանկացումը։ Չնայած որ բանկի ղեկավար Ռիչարդ Ֆուլդը գործադրեց հուսահատ ջանքեր՝ պետությունից աջակցություն ստանալու, բանկը պահպանելու, բրիտանական, չինական կամ կորեական շուկաներից հավելյալ միջոցներ ներգրավելու ուղղությամբ, սակայն վերջ ի վերջո ստիպված եղավ դնել ընկերության պատմության վերջակետն ու սնանկության հայց ներկայացնել։
Lehman-ի անկումն ակնթարթորեն փլուզեց շուկաները եւ խաթարեց վստահությունը Ուոլլ-սթրիթի ներդրումային բիզնեսի մնացյալ հսկաների՝ Goldman Sachs-ի, Merrill Lynch-ի, Morgan Stanley-ի նկատմամբ։ Իրավիճակը խորացավ, երբ հիփոթեքային վարկավորմամբ զբաղվող Fannie Mae եւ Freddie Mac-ի հաշվեկշիռներում ի հայտ եկան ահռելի «անցքեր»։ Մի փոքր ավելի ուշ էլ սկսվեց ապահովագրական բիզնեսի հսկա համարվող AIG-ի անկումը։ Lehman-ի անկումից երեք օր անց համաշխարհային ֆոնդային բորսաները կորցրին իրենց կապիտալիզացիայից 2,85 տրիլիոն դոլար։
Մասնագետները նշում են, որ տեղի ունեցածն իրապես կարելի է որակել «իդեալական փոթորիկ»։ Ֆինանսական համաշխարհային շուկաների կարգավորիչ մարմինները ստիպված էին միանգամից մի քանի ռազմավարական խնդիր լուծել։ Իրավիճակն ավելի էր բարդանում, քանի որ ԱՄՆ նախագահական ընտրությունները «յոթ սարի հետեւում չէին»։ Այն ժամանակ բոլորին էր հասկանալի, որ հանրապետական վարչակազմը պարտվելու է, եւ հաղթելու է Բարաք Օբաման։
ԱՄՆ դաշնային գանձապետարանի քարտուղար Հենրի Պոլսոնը երկար ժամանակ փորձում էր լուծել շուկայի խնդիրները առանց պետության անմիջական միջամտության, սակայն փաստացի միայն մեկ ներդրումային բանկ մնաց առանց պետական աջակցության, եւ այդ բանկը Lehman-ն էր։
Համաշխարհային ֆինանսական ամենախոշոր ճգնաժամերից մեկից 15 տարի անց էլ հայտնի չէ այն հարցի պատասխանը, թե ինչու Ռիչարդ Ֆուլդի բանկը մնաց «աութսայդերի» վիճակում, իսկ Ուոլլ-սթրիթի մնացյալ «շնաձկները» «Պոլսոնի պլանի» շրջանակում ստացան միլիարդավոր դոլարների աջակցություն։ Հայտնի է, որ այդ ժամանակ դաշնային պահուստային համակարգը ամերիկյան տնտեսության մեջ ավելի քան 3 տրիլիոն դոլարի «ներարկում» է կատարել։
Այսօր արդեն՝ 15 տարվա հեռվից, մասնագետների համար 2008-ի ֆինանսական գլոբալ ճգնաժամի պատճառները համարվում են պարզ եւ ակնհայտ․ բանկային սեկտորի կարգավորման մեխանիզմների թուլացում, հիփոթեքային շուկայի չափազանց ազատական խաղի կանոններ, ցածր տոկոսադրույքներ, հիփոթեքային պարտատոմսերում ռիսկային ներդրումներ եւ նոր ֆինանսական գործիքների երեւան գալը, որոնք նույնիսկ փորձառու բանկիրներն այն ժամանակ դժվարանում էին ըստ էության բացատրել ու հասկանալ։ Ամերիկյան շուկաներում բնակարանային «թունավոր փուչիկը» թունավորեց երեք երկրների տնտեսություններ, որոնց բանկային ոլորտները ակտիվորեն խաղում էին հիփոթեքային արժեթղթերով։ Իհարկե, կար նաեւ այլընտրանքային վարկածը, որը սահմանվում էր երկու բառով՝ «ագահություն» եւ «չափազանցված ինքնավստահություն»։ Լրագրող Էնդրյու Սորկինը դեռ այն ժամանակ արձանագրել էր․ «Ուոլլ սթրիթի նպատակը ոչ թե իր հաճախորդների, այլ միայն ինքն իր համար եկամուտների գեներացումն էր»։