Եվրոպա-Ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովը հայտարարել է, որ Ռուսաստանում քննարկվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին Հայաստանի միանալու հնարավորությունը։ Նա նշել է, որ ի սկզբանե քննարկվում էր Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երթուղին։ «Արդեն վաղուց քննարկում ենք Հայաստանին ներգրավելու հարցը։ Կարծում եմ, որ փորձագիտական աջակցություն կլինի, քանի որ քննարկումներ են ընթանում։ Մեր կենտրոնն իր ներդրումը կունենա նաեւ «Հյուսիս-հարավ» միջանցքի ընդլայնման հնարավորության եւ մշակման հարցում»,- նշել է Ռուսակովը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի համար «Հյուսիս-հարավի» իրագործումը առաջնահերթ ուղղություններից մեկն է։
Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան տրանսպորտային միջանցքին աջակցելու անհրաժեշտության մասին փետրվարի 21-ի ուղերձում նշել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միեւնույն ժամանակ Ռուսակովը կարծում է, որ այդ հարցում շատ բան կախված է ՀՀ իշխանությունից։ «Ոչ ոք որեւէ մեկի չի կարող որեւէ բան հրամայել։ Պարզապես կփաստենք, որ այստեղ տնտեսական ներուժ կա։ Իսկ եթե կա տնտեսական ներուժ, հարկային նոր բազա է առաջանում, լոգիստիկ նոր հնարավորություններ, ապրանքների արտադրության ժամանակ ծախսերի նվազում է լինում»,- ընդգծել է Ռուսակովը։