ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտգործնախարար Ժան Ասելբոռնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ադրբեջանական կողմից հաստատում է ստացել Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ միջազգային տեսանելի մեխանիզմի միջոցով բանակցություն անցկացնելու պատրաստակամության վերաբերյալ։
Միրզոյանը շեշտել է, որ հաստատումը ստացել են ոչ միայն Բլինքեն-Ալիեւ-Փաշինյան ձեւաչափի քննարկումների ընթացքում, այլեւ պանելային քննարկման ժամանակ։ «Վերջին տարիներին մենք տեսել ենք, որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, խոստումներ են տրվում, բայց հետո տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը նահանջում է այդ դիրքորոշումներից եւ ստորագրված հանրահայտ պայմանավորվածություններից։ Հույս ունեմ, որ այս անգամ նման բան չի լինի, եւ մենք չեն առերեսվի նույն այդ իրավիճակին»,- շեշտել է Միրզոյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների սկզբից պայմանավորվածություն էր ձեռք բերվել, եւ այդ քննարկումները պետք է անցկացվեին երկու ուղղությամբ։ «Մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման, կարգավորման շուրջ է, որը կարճ անվանում ենք խաղաղության պայմանագիր, իսկ մյուսը հարթակ է, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչության, հայության իրավունքներն ու անվտանգությունը»,– ընդգծել է Միրզոյանը եւ հավելել, որ երկար ժամանակ է` Ադրբեջանը խուսանավում է այս բանակցություններում ներգրավվելուց։