Արդարադատության միջազգային դատարանը որոշում է ընդունել Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։ Ադրբեջանը նախքան այս գործով վերջնական որոշում ընդունելը պարտավոր է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
«Դատարանը նկատում է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Լաչինի միջանցքով խաթարված է։ Դատարանն արձանագրում է, որ այս իրավիճակը հետեւանքների է հանգեցրել, եւ հետեւանքները կրողները շարունակում են մինչ այս պահը դրանք կրել։ Դատարանի ունեցած տեղեկություններով` Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը վերաբերում է նաեւ նրանց, որոնք ԼՂ–ում հիվանդանոցներում են։ Ըստ տեղեկությունների` խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետեւանքով սննդի, դեղորայքի պակասուրդ է առաջացել»,– ասված է որոշման մեջ։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին միաձայն մերժել է 2023-ի հունվարի 4-ին Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։ Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել եւ Հայաստանից պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Հայաստանն իր հերթին Ադրբեջանից պահանջել էր դադարեցնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան ազատ տեղաշարժը արգելափակող ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը, Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով ապահովելու բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան ազատ տեղաշարժը, ամբողջությամբ եւ անհապաղ վերականգնելու Լեռնային Ղարաբաղին բնական գազի եւ այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը, ձեռնպահ մնալու այն խափանելուց կամ խոչընդոտելուց։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը մասնակցել է նաեւ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։