Որքան էլ տարօրինակ հնչի, բայց կարծես թե հայ արեւմտամետները դեռեւս ըստ պատշաճի չեն կարողացել ընկալել Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի քաղաքական ու մշակութային ծանրագույն հետեւանքները։
1915-1921 թվականներին ցեղասպանված եւ հայրենազրկված, իսկ 1941-1945-ի ընթացքում ավելի քան 300 հազար զոհ տված ժողովրդի ներկայացուցիչները առնվազն պետք է համապատասխան հետեւություններ անեին ու այլեւս բացառեին Հայաստանի ներգրավվածությունը որեւէ կամայական համամոլորակային ճգնաժամի։
Այս պարզ ճշմարտության հետ առերեսվելու փոխարեն հայ արեւմտամետները ցնծությամբ դիմավորեցին Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը՝ կանխատեսելով վերջինիս լիակատար ու անխուսափելի վախճանը։ Ավելին՝ նրանք հենց այդ առճակատման մեջ դիտարկեցին Հայաստանի փրկությունը եւ ընդհանրապես պետության գոյության հնարավորությունը։
Օդում թեւածում է այն մտայնությունը, թե ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն կազատագրեն Հայաստանը, եթե Երեւանը քայլ անի ու միանա հակապուտինյան կոալիցիային։ Այդպիսի ծայրահեղական քայլի չեն դիմել նույնիսկ Վրաստանը, Ադրբեջանը, Իսրայելը՝ առաջին պլան մղելով իրենց առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները, իսկ Հայաստանը, ըստ որոշ բախտախնդիրների, պետք է մի կողմ շպրտի իր հոգսերը ու դրսեւորվի որպես ժողովրդավարության վերջին բաստիոն։
Ի հակադրություն հայ արեւմտամետների՝ Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում եւ Վաշինգտոնում նստած չինովնիկները շատ լավ հիշում են Երկրորդ աշխարհամարտը։ Հին աշխարհամասը գրեթե ամբողջությամբ ոչնչացրած, ավելի քան 50 միլիոն մարդու կյանք խլած համամոլորակային այդ աղետը, ինչպես նաեւ դրան հաջորդած Սառը պատերազմն ու միջուկային պատերազմի ամենօրյա սպառնալիքը իրենց խոր հետքն են թողել մարդկային մտածողության մեջ՝ սահմանելով խաղի նոր կանոններ եւ գործիքակազմեր։
Ասվածի վկայությունը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վերջին հարցազրույցն է Le Figaro, Le journal du Dimanche թերթերին եւ France Inter հեռուստաընկերությանը։ Նախագահը մասնավորապես նշել է, որ Ֆրանսիան ձգտում է Ռուսաստանի պարտությանը, բայց ոչ երբեք նրա լիակատար ջախջախմանը։ Բացի այդ՝ Մակրոնը բացառել է հարձակում կամ էլ որեւէ ոտնձգություն Ռուսաստանի տարածքների նկատմամբ։
Կարելի է ենթադրել, որ Ֆրանսիայի նախագահի այս համոզմունքը տիրապետող է նաեւ եվրոպական մյուս մայրաքաղաքներում, ինչու չէ, նաեւ Վաշինգտոնում։ Համոզմունքի հիմքում, անշուշտ, փորձառությունն է։ Ֆրանսիացիները թերեւս բոլորից լավ են հասկանում, որ հակառակորդին մինչեւ վերջ կազմաքանդելու եւ նվաստացնելու քաղաքականությունն անթույլատրելի է ու հակացուցված։
Ֆրանսիայում շատ լավ են հիշում ռեւանշիզմով ախտահարված նացիստական Գերմանիայի վերադարձը։ Հենց այս փորձառությամբ է առաջնորդվում Մակրոնը, երբ բացառում է Ռուսաստանի ջախջախումը, չէ՞ որ հինգ կամ տասը տարի անց այն կարող է վերադառնալ շատ ավելի կործանարար եւ աղետալի հետեւանքներով։
Միջազգային հարաբերություններն ու աշխարհակարգը գոյություն ունեն հավասարակշռության պահպանման հակահեգեմոնիալ մեխանիզմների հիմքի վրա։ Ռուսաստանի ջախջախումն ու կազմաքանդումը ամբողջությամբ հակադիր են այս սկզբունքին եւ հավասարապես վտանգավոր՝ բոլոր միջազգային խաղացողների համար։
Մոսկվայի բացակայությունը ամրապնդելու է ԱՄՆ-ի բացարձակ հեգեմոնիան Եվրոպայում, ինչը չի կարող չմտահոգել Ֆրանսիային եւ Գերմանիային։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի չեզոքացումը նոր հնարավորություններ է բացելու Վաշինգտոնի գլխավոր հակառակորդ Չինաստանի համար, իսկ վերջինս էլ շատ լավ հասկանում է, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր թիրախն ի վերջո հենց ինքն է։
Ռուսաստանի չգոյությունը անշուշտ խաթարելու է համաշխարհային կարգը, եւ առաջացած վակուումային տարածությունը պարզ չէ, թե ինչով է լցվելու։ Փաստորեն ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան եւ ո՛չ էլ Չինաստանն ու ԱՄՆ-ը չեն կարող շահագրգռված լինել Ռուսաստանի տրոհումով։
Մյուս կարեւորագույն մտահոգությունը կազմաքանդված Ռուսաստանի տարածքում անվերահսկելի քաոսի հնարավորությունն է, ինչը բնականաբար չի կարող ազդեցություն չթողնել նաեւ հարակից տարածաշրջանների վրա։ Գարի Կասպարովի կանխատեսած համակեցությունը անկախ Մոսկովիայի, Թաթարստանի, Չեչնիայի եւ հեռավորարեւելյան թյուրքական կազմավորումների միջեւ անիրական ցնորք է թվում։ Ամենայն հավանականությամբ Դաշնության տարածքում ի հայտ կգան մեկ Իսլամական խալիֆայություն, երկու թյուրքական էմիրություն, մի քանի ֆաշիստական կազմավորումներ, Չեչնիան նորից կհարձակվի Դաղստանի վրա, ահաբեկչությունը, սովը, քաղաքացիական պատերազմը կդառնան սովորական երեւույթներ։
Հետաքրքիր է նաեւ, թե ինչ կկատարվի հարակից տարածաշրջաններում։ Թալիբները կներխուժեն Միջին Ասիա։ Ղրղստանն ու Ուզբեկստանը կօկուպացնեն Տաջիկստանի տարածքները։ Ադրբեջանը ցեղասպանություն կիրականացնի Արցախում, ինչպես նաեւ Թուրքիայի աջակցությամբ կօկուպացնի Սյունիքը, Գեղարքունիքի եւ Տավուշի մի մասը։ Հետաքրքիր է, ո՞վ պետք է սանձի այս փոթորիկը։ Ռուսաստանի կործանումը կարող է ընդամենը մեկ օգտակար հետեւանք ունենալ․ Հեռավոր Արեւելքում ի հայտ կգա երկրորդ հրեական պետությունը։
Որեւէ պարագայում Ռուսաստանի ջախջախումը կամ էլ կազմաքանդումը անհեռանկար է եւ վտանգավոր։ Արեւմուտքն այդպիսի նպատակ չի հետապնդում եւ միգուցե չի էլ կարող։ Ավելին՝ դեռեւս օրակարգում է Ռուսաստանի՝ եվրոպական թատրոն վերադառնալու ծրագիրը։
Որքան էլ ռուս սլավոնաֆիլները պնդեն, թե Ռուսաստանն իր ուրույն քաղաքակրթական ընթացքն ունի, այնուամենայնիվ, առնվազն 18-րդ դարից սկսած կայսրությունն այդ Եվրոպայի մի մասնիկն է։ Երբեմն խորթ կարգավիճակով եւ նույնիսկ կոմունիստական հանդերձանքով, միեւնույնն է, Պետրոս Մեծի բացած պատուհանը երբեք չի փակվել։ Հիմա էլ չի փակվելու, եւ Մոսկվան վերստին հայացքն ուղղելու է դեպի Փարիզ ու Բեռլին, այսինքն՝ եվրոպական ընտանիք։
Հայ քաղաքական միտքը չպետք է տարվի արեւմտյան լրատվամիջոցների պրոպագանդայով՝ կտրվելով իրականությունից եւ մոռանալով մեծ քաղաքականության ցավոտ հետեւանքների մասին։
Ուկրաինական պատերազմում ո՛չ հաղթողներ են լինելու եւ ո՛չ էլ պարտվողներ, իսկ Ռուսաստանն այնքան չի թուլանալու, որ ամբողջությամբ դուրս մղվի Հարավային Կովկասից։ Նույնիսկ 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի ամենաթեժ փուլում նրա ծանր շունչը նկատելի էր այս տարածաշրջանում, եւ Դաշնակցական կառավարությունը ստիպված բանակցում էր ե՛ւ բոլշեւիկների, ե՛ւ Դենիկինի հետ։ 1991-1994-ին կազմաքանդված, թուլացած, սնանկ Ռուսաստանը էական ազդեցություն ուներ Հարավային Կովկասում, եւ հենց նրա միջամտությունից էր մեծապես կախված հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքը։
Նշված օրինակները հստակ ցույց են տալիս, որ Ռուսաստանը չի լքելու այս տարածաշրջանը, եւ Հայաստանը ստիպված է լինելու հաշվի նստել այդ տերության ծանր ներկայության հետ։
Հայկական պետության գոյության գաղտնիքը սովետական եւ արեւմտյան միֆերից անդին նոր մտածողության մեջ է, որի սաղմերը դրվել են դեռեւս ՀՀՇ-ի օրոք։ Մտածողություն, որը բացառում է հակառուսական բուֆեր եւ հակաթյուրքական ֆորպոստ դառնալու հնարավորությունը։ Ինչ-որ մի օր Պուտինը, Մակրոնը, Բայդենը եւ Էրդողանը նստելու են բանակցությունների սեղանի շուրջը՝ բուֆեր հորջորջվող տարածքի բնակիչներին կանգնեցնելով նույն կոտրած տաշտակի առջեւ։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։