ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնելու առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կազմակերպած հանդիպման ընթացքում:
Դիվանագետն անդրադարձել է այն առաջընթացին, որն, ըստ Վաշինգտոնի, կողմերը գրանցել են վերջին ամիսների շփումների ընթացքում: Ըստ նրա՝ առաջընթացը եղել է կողմերի միջեւ շփումների, Միացյալ Նահանգների հետ երկկողմ եւ եռակողմ շփումների, ինչպես նաեւ այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով: «Մենք հենց դա՛ հույս ունենք տեսնելու Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կազմակերպած բանակցությունների շրջանակում»,- շեշտել է Նեդ Փրայսը:
Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք պետքարտուղարությունը չափազանց լավատեսական չէ, երբ արձանագրում է «զգալի առաջընթաց» կողմերի միջեւ՝ հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները: «Մեր լավատեսությունը չափից դուրս չէ… Մենք շարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը, որը կհանգեցնի համապարփակ լուծման»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: