ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունում ՄԱԿ–ի միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը, ըստ որի` Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։
«ԵՄ-ն նախկինի պես մտահոգված է այն խոչընդոտներով, որոնք առաջվա պես գոյություն ունեն Լաչինի միջանցքում, եւ դրանից բխող տեղի քաղաքացիական բնակչության համար հումանիտար հետեւանքներով։ Միջանցքի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտավախությունները կարող են եւ պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով»,– ասված է հայտարարության մեջ։
Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին եւ բոլոր պատասխանատուներին կրկին կոչ է արել երաշխավորելու Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունների: Միաժամանակ Եվրամիությունն ընդգծել է նաեւ ԼՂ բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի եւ այլ ծառայությունների անխափան մատակարարման կենսական անհրաժեշտությունը։ Նշվում է նաեւ, որ Եվրամիությունը շարունակում է ներգրավված մնալ՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին։