Ցանկացած ազգ իր գաղտնի գրպանում պահում է ազգայնական որեւէ ուժ: Այսպես ասած սեւ օրվա համար: Ռուսներն ունեն սկինհեդներ, Ֆրանսիան ունի Լե Պեն, գերմանացիներն ունեն ուլտրաաջեր, թուրքերը՝ Գորշ գայլեր: Ինչի՞ համար են սրանք: Սրանք, այսպես կոչված, պետականության սանիտարներ են: Մեր պետականության սանիտարը Դաշնակցությունն է:
Ավանդաբար պետականության սանիտարները վատ են հասկանում քաղաքականությունից, սակայն նրանք պետությունը պետություն պահելու անփոխարինելի գործիքներ են: Նրանք մարտահրավերներ չեն հորինում, նրանք, ինչպես արջը մեղրի վրա, հայտնվում են, երբ առկա է մարտահրավեր: Նրանց մարտահրավերը պետության ազգային դեմքի կորուստն է:
Դիցուք, մեր դեպքում ինչ-որ պահից իշխանությունը կարող է կորցնել հսկողությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա, ֆրանսիացիները կարող են փոքրամասնություն դառնալ համայն Ֆրանսիո մեջ: Իսկ դա ենթադրում է պետականության վտանգ այն հանրության կողմից, որը հավակնում է լինել մեծամասնություն: Այդ վտանգը հենց այն մարտահրավերն է, որն արթնացնում է «ժանտախտի քնած բացիլը»: Ահա այդ ժամանակ պետք է լինի մեկը, որ կատարի պետականությունը փրկելու գործը, պայմանականորեն՝ մի Նժդեհ:
Ինչո՞ւ Օսմանյան կայսրությունը դիմեց ցեղասպանության: Նրանք գործի դրեցին իրենց պետականության սանիտարներին։ Հայերին (հույներին, բուլղարներին) նրանք համարում էին սպառնալիք օսմանականությունը պահպանելու ճամփին: Նույնը Հայաստանում արեց Արամ Մանուկյանը, նա անձամբ հանդես եկավ որպես սանիտար:
Այդ սանիտարներն անհասկանալի են գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, բայց հենց գլոբալիզացիան կանգնում է ինքնապահպանման եւ ինտեգրման փորձությունների միջեւ, գործի են անցնում պետականության սանիտարները: Հիտլերն այդպիսի սանիտար էր գերմանացիների համար: Նա է, չէ՞, ասել՝ ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը: Հիտլերին «Մայն Կամպֆ»-ը գրելուց հետո են ազատում բանտից, մինչդեռ իրեն հարգող պետությունը պիտի ոչնչացներ: Բայց ազատեցին: Որովհետեւ Գերմանիան նրա մեջ տեսավ պետականության սանիտարին, Գերմանիան սկուտեղի վրա տվեց իշխանությունը Հիտլերին:
Ստալինը այդ սանիտարության հարցը փորձեց լուծել պրոլետարական փիլիսոփայության հիմունքներով. ազգերը չեն ոչնչացվում, բայց կարելի է փոխել նրանց պետականության արեալները: Ըստ Ստալինի՝ հսկայական կայսրության մեջ բնավ էական չէ, թե որտեղ կապրեն ազգերը՝ Ալթայո՞ւմ, թե՞ Վրաստանում: Հիտլերի եւ Ստալինի օրինակները, ինչու ոչ, մեր Արամ Մանուկյանի օրինակը, այն մասին են, որ պետականության սանիտարները չեն կարող աշխատել ժողովրդավարության մեջ, բայց որպեսզի գոնե այսօր գան առաջին պլան, նրանց անհրաժեշտ է ժողովրդավարություն:
Այնուամենայնիվ, մի խնդիր կա, թե որ երկրներում են աշխուժանում «պետականության սանիտարները»: Դիցուք, Ամերիկայում չեն կարող աշխուժանալ: Գոնե ազգային հողի վրա: Ռուսաստանում՝ նույնպես: Մի քանի տասնյակ ազգեր են ապրում այնտեղ: Հենց սկինհեդներն անցան գործի, Ռուսաստանը կփլուզվի: Նրանք գործիք են միայն դրսից եկած ազգերի համար: Պետականության սանիտարները բնորոշ են հիմնականում ազգային միատարրության միջոցով սեփական պետականությունը պատճառաբանող փոքր երկրներին:
Պետականության իրական սանիտարներին բռնապետներից տարբերում է այն, որ վերջինները թշնամու անհրաժեշտություն են զգում «անձամբ». եթե թշնամին չկա էլ, նրանք պիտի ստեղծեն: Հիտլերը «ստեղծեց» հրեաներին ու կոմունիստներին: Պետականության իրական սանիտարները ասպարեզ են գալիս արդեն առկա թշնամու գոյության պայմաններում: Այս իմաստով, դիցուք, մեր Դաշնակցությունն այսօր իշխանության գալու ոչ մի շանս չունի որեւէ ճանապարհով՝ բացի Պինոչետի ճանապարհից, երբ քո աջակիցը ոչ թե ժողովուրդն է, այլ իր ազդեցության գոտին փրկող գերտերությունը:
Պետականության սանիտարները գործի են անցնում ոչ ինչպես անգղները բնության մեջ: Անգղի կերակուրը քավության նոխազը չէ, հրեաները քավության նոխազ էին, հայերը, հույները Օսմանյան կայսրությունում՝ նույնպես: Բայց Առաջին հանրապետության ժամանակ կովկասյան թաթարներն արդեն քավության նոխազ չէին, նրանք պարզապես ծավալվել էին պոտենցիալ Հայաստանում, եւ պետականության կայացման համար Արամն անցավ ամենադաժան մեթոդին, ուղղակի մաքրեց Հայաստանը նրանցից:
Քավության նոխազները քո բնածին դաժանության գաղափարական արդարացումն են, այդպես միջնադարում իրենց իշխանությունն էին տարածում Մեծ հավատաքննիչները, այդպես Հիտլերն իր ամբողջական բռնապետությունը սկսեց՝ կոմունիստներին վերագրելով Ռայխստագի հրդեհը:
Ուգանդայի բռնապետ Իդի Ամինն այդպես փորձեց մոխիրներից բարձրացնել Ուգանդան՝ ամեն ինչի համար մեղադրելով անգլիացիներին, որոնց օգտագործելով էլ վերցրեց իշխանությունը, բայց ուգանդացիների «հրեաները» հնդիկներն էին, որոնք երջանկությունից լացում էին, երբ Ամինը եկավ իշխանության, քանի որ Ամինն այն խլեց անգլիացիներից: Հիմա ուրախանալու հերթը բնիկ ուգանդացիներինն էր, որոնք դարձան Ամինի դաժանության հիմնական զոհերը:
Մուամար Քադդաֆին էթնիկ իտալացիներին հռչակեց Լիբիայի իրական սպառնալիք, Ստալինը 30-ականների տեռորը սկսեց գյուղացի ունեւորներին տնտեսության արգելակման համար մեղադրելով:
Պետականության սանիտարները իշխանության մեռած չեն, թեպետ իշխանությունը կարող է այլասերել նրանց, նրանք իրենց նշանակության հիմքում չունեն ոչ մի գաղափարախոսություն՝ բացի պետության փրկությունից ազգայնական դեմքով: Այդ ժամանակ նրանք ավելի հեշտ են դառնում բռնապետ: Ու որպեսզի կարողանան մնալ իշխանության, սկսում են ինքնիշխանությունը վաճառելու սողացող գործընթաց: Իսկ ո՞ւմ են վաճառում: Բնականաբար այլ պետությունների:
Որ պահից նրանք դառնում են այլ պետության շահերի գործիք, դադարում են պետականության սանիտար լինելուց: Պետականության սանիտարը բռնապետ է դառնում իրական արտաքին մարտահրավերին, այլ ոչ թե սեփական ժողովրդին: Կարճ ասած, կա՛մ պետք է լինես Քեմալ Աթաթուրք (որը միաժամանակ պետականության սանիտար էր ու բռնապետ), կա՛մ պետք է թողնես իշխանությունը պետությունդ ըստ քո պատկերացման փրկելուց հետո: Բռնապետը պետականության սանիտարից տարբերվում է մի բանով՝ բռնապետ կարող են լինել բոլորը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: