Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանը լոկալ արձանագրումներ է արել, բայց եթե արձանագրում լինի նաեւ կոնվենցիայի տեսքով, բոլոր կողմերի քաղաքական դերակատարներին հնարավոր կլինի սահմանափակել։
Ըստ Սահակյանի՝ քաղաքական դերակատարները չեն կարող ՄԱԿ-ի կանոնների խախտմանն առնչվող լուծումներ ունենալ, իսկ արցախահայությանն Ադրբեջանին ենթարկեցնելն ուղիղ ոտնձգություն կլինի ՄԱԿ-ի դատարանի որոշման նկատմամբ։ ՄԱԿ-ում գործընթացները երկար են տեւելու՝ լավագույն հաշվարկով 5 տարի կպահանջվի ելքի համար։ «Վստահ եմ, որ Ադրբեջանը փորձելու է ավելի կարճ ժամկետում հասնել այնպիսի հանգուցալուծման, որ Հայաստանի իշխանությունն ընդունի ադրբեջական մոտեցումները, եւ դատական ակտն այլեւս որեւէ էֆեկտ չունենա։ Թեման զգայուն է, չեն ուզում շատ հրապարակայնություն տալ, բայց սպասում ունենք, որ առաջիկայում կոնկրետ անձերի վերաբերյալ ունենալու ենք հետապնդումներ ԵՄ որոշ երկրներում»,- նշել է Սիրանուշ Սահակյանը։
«ԱրցախըՀայաստան է, եւ վերջ»-ը փակեց բանակցությունների դուռը
Սահակյանը շեշտել է, որ հարցի հանգուցալուծման հարթակը տեղափոխվել է ոչ այնքան հայանպաստ քաղաքական միջավայր։ Նա ընդգծել է, որ իրավական դաշտում հնարավոր է բարձրաձայնել խոշտանգումներին, խտրականություններին վերաբերող հարցեր, բայց ոչ միայն Արցախի ինքնորոշման եւ կարգավիճակի հարց։ «Արդյունքում ամբողջ ծանրաբեռնվածությունը քաղաքական հատվածի վրա է։ Մենք այս հարցում չունենք հետեւողական գիծ, եւ ինձ համար սրա լավագույն օրինակն այն արտահայտությունն էր, երբ հռչակվեց, որ «Հայաստանն Արցախ է, եւ վերջ», եւ մի քանի տարվա զարգացումներից հետո նույն ղեկավարությունն ունի «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ» գաղափարախոսությունը»,- նշել է իրավապաշտպանը։
Ոչ կշռադատված արտահայտությունները նաեւ մարդկային կյանքներ են արժենում
Միջազգային իրավունքի մասնագետի համոզմամբ՝ նման արտահայտությունները կշռադատված չեն եւ վատ հետեւանք են ունենում նաեւ մարդու իրավունքների վրա։ «Բազմաթիվ են տեսանյութերը, որտեղ հայ ռազմագերիներին պարտադրում են ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վերջ»։ Ոչ կշռադատված արտահայտությունները ոչ միայն կարող են փակել քաղաքական բանակցությունների ուղին եւ լեգիտիմացնել ռազմական ճանապարհը, այլեւ կարող են ունենալ մարդասիրական հետեւանքներ»,- ընդգծել է Սիրանուշ Սահակյանը։
Ըստ իրավապաշտպանի՝ իրենց խնդիրն է փաստագրել եւ միջազգայնորեն ճանաչել ու հաստատել բոլոր այն խախտումները, որոնք կատարել է Ադրբեջանի իշխանությունը հայերի նկատմամբ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաեւ 2000-ականներից սկսված իրադարձությունները, ըստ էության խաղաղ պայմաններում, երբ ադրբեջանական կողմից սահմանային հատվածներում հայերի առեւանգման, խոշտանգման եւ սպանության դեպքեր են եղել։
Ամենակարեւորը խտրականության ամրագրումն է
«Այս փաստահավաքությունը մեզ հնարավորություն է տալիս ունենալու հասանելիություն տարածաշրջանային եւ միջազգային ատյաններին եւ նրանց ներգրավմամբ փաստեր արձանագրելու։ Ունենք վերջնական 5 ակտ կայացված, որոնցով արձանագրվել են կյանքի իրավունքի խախտումներ, խոշտանգման, կամայական արձանագրման, բայց ամենակարեւորը, կարծում եմ, խտրականության ամրագրումն է։ Գուրգեն Մարգարյանին առնչվող գործով ունենք խտրականությունը որպես պետական քաղաքականության մաս վճիռը եւ զոհի էթնիկ պատկանելության հետ հանցավոր կապը»,- հավելել է իրավապաշտպանը։
Հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ մյուս գործերով ՄԱԿ-ի միջազգային դատարանն առնվազն արձանագրել է, որ Ադրբեջանը ներում է շնորհում հանցագործներին եւ հայերի հանդեպ հանցագործությունների պատշաճ հետաքննություն չի անցկացնում։ Սա կարող է Հայաստանի համար ելակետ լինել, որպեսզի նաեւ միջազգային հետաքննություններ ակնկալվեն Ադրբեջանում հայերի նկատամբ կատարված մարդու իրավունքների խախտումները միջազգայնորեն փաստագրելու եւ ուսումնասիրելու տեսանկյունից։