ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը պատասխանել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների մասին հարցերին: Նա նշել է, որ գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի վճիռները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ վարույթի շրջանակում։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների վստահության դրսեւորումը միջազգային դատարանին` իրենց տարաձայնությունները կարգավորելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հիշեցնում է, որ Դատարանի որոշումները պարտադիր են եւ վստահ է, որ կողմերը կիրականացնեն վճիռները, ներառյալ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումների վերաբերյալ:
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել իրենց երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ եւ վճռականորեն խրախուսում է կառուցողական երկխոսությունը»,- պնդել է խոսնակը։