Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից հայտնել են, որ փետրվարի 6-ի երկրաշարժերի հետեւանքով զոհվել է ավելի քան 44 հազար մարդ, աղետի գոտուց տարհանվել է 500 հազարից ավելի մարդ։ Արդեն գրանցվել է 9136 հետցնցում։ Դա նշանակում է, որ փետրվարի 6-25-ը՝ 19 օրվա ընթացքում, օրական գրանցվել է միջինը 481 կամ յուրաքանչյուր ժամը մեկ՝ մոտ 20 հետցնցում։
Թուրքիայի բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է, որ երկրի հարավ-արեւելքում երկրաշարժերի հետեւանքով ավերված տների տեղում սկսել են նորերը կառուցել:
Երկրաշարժի օջախը եղել է 5 կմ խորության վրա
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից հայտնել են, որ Թուրքիայի արեւելքում փետրվարի 25-ին 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ղահրամանմարաշ քաղաքից 52 կմ հյուսիս, որտեղ բնակվում է մոտ 376 հազար մարդ: Երկրաշարժի օջախը եղել է 5 կմ խորության վրա։ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաեւ Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում: Տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: