Փետրվարի 24-ին Կինոյի տանը Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը նշեց Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի առաջին տարելիցը։
Հրավիրված էին ներկայացուցիչներ Հայաստանում գործող դեսպանատներից եւ դիվանագիտական կառույցներից, Հայաստանի քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ նույնպես։
Ուկրաինայի պրոդյուսերների միությունն այս առիթով տրամադրել էր Մարիուպոլի ողբերգությունը ներկայացնող վավերագրական ֆիլմ, որի ցուցադրությունից առաջ եղան անցած մեկ տարին գնահատող եւ ուկրաինացիների պայքարը քաջալերող ելույթներ։
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոն խոսեց պատերազմի, Ուկրաինայի նկատմամբ աշխարհի վերաբերմունքի մասին, նշեց անցած տարում հայկական մեդիայի կատարած աշխատանքը՝ գնահատելով լրատվամիջոցների նախագծերը համակարգող Գարս Խաչատրյանի ջանքը։
Այնուհետեւ խոսք ասացին երեկոյին մասնակցող դիվանագետներ։ Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը, նմանություններ տեսնելով Հայոց ցեղասպանության, Ղարաբաղյան վերջին պատերազմի հետեւանքների եւ Մարիուպոլի ողբերգության միջեւ, հավաստիացրեց, որ պետք է ավելի ակտիվացնել ջանքերը ժողովուրդներին ու երկրներին խաղաղություն եւ անվտանգություն բերելու համար։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերն ասաց, որ օրվա համար փորձել է Ուկրաինայի դրոշին մոտ գույներով փողկապ ընտրել։ Թեեւ գույներն առայժմ մուգ են, բայց ինքը լիահույս է, որ շուտով կդառնան ավելի վառ։
Հայաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարչին Ռուժիցկին էլ հավատացած է, որ ուկրաինական զինված ուժերին ցուցաբերվող միջազգային հավաքական օգնությունն ու աջակցությունը կստիպեն, որ «ռուսական նավը» գնա, ուր հարկն է։
«Old World» ընկերության նախագահ Գարս Խաչատրյանը խոսեց մարդկության ամենակարեւոր հայտնագործություններից մեկի՝ կամուրջների մասին, որոնք աշխարհում եւ հատկապես Ուկրաինայում այսօր, ցավոք, փլուզված են։ Բայց այդ կամուրջներին փոխարինում են լրատվամիջոցների, կրթության, մշակույթի ներկայացուցիչները։ Նա ներկայացրեց կոմպոզիտոր-կատարող Գրիգոր Առաքելյանին, որն անցած տարվա դեկտեմբերի վերջին համերգ էր ունեցել Կիեւի երաժշտական թատրոնի ապաստարանում։
Երեկոյի ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները։ «Old World» ընկերությունը նրանց համար պատրաստել էր յուրօրինակ հուշանվերներ՝ խրամատային մոմեր, որոնք խորհրդանշում են Ուկրաինայի զինվորների պայքարը։