ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված Պեկինի նախաձեռնությունը հաշվի չի առնում բոլոր կողմերի դիրքորոշումները, ուստի դժվար կլինի այն կյանքի կոչել։ «Չինացիները շատ բանակցություններ են վարում ռուսների հետ, բայց ամենաբարձր մակարդակներում նրանք չեն խոսում ուկրաինական կողմի հետ: Շատ դժվար է առաջ շարժվել խաղաղության այդ նախաձեռնությամբ, երբ կա նման միակողմանի դիվանագիտություն»,- հավելել է Սալիվանը:
Չինաստանի ԱԳՆ-ն ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման 12 կետից բաղկացած ծրագրում ընդգծել է բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ուղիղ երկխոսության վերսկսումը։ Պեկինը նաեւ դեմ է արտահայտվել միակողմանի պատժամիջոցների չարաշահմանը, քանի որ դրանք չեն նպաստում ճգնաժամի լուծմանը:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն իր հերթին նշել է, որ Պեկինի նախաձեռնությունը ոչ թե խաղաղության ծրագիր է, այլ դիրքորոշման փաստաթուղթ, որում կողմերը հավասար մակարդակի վրա են դրված, եւ իրականում ագրեսորը չի տարբերվում զոհից։
Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ հակամարտությունը խաղաղ հուն տեղափոխելուն ուղղված ցանկացած փորձ, չինական ծրագիրը եւս արժանի է ուշադրության։ «Ինչ վերաբերում է մանրամասներին, իհարկե դրանք պետք է հանգամանորեն վերլուծվեն` հաշվի առնելով ամենատարբեր կողմերի շահերը»,–շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Ի պատասխան ՌԴ-ին չինական ռազմական տեխնիկա մատակարարելու շուրջ լուրերը մեկնաբանելու խնդրանքին` Պեսկովը հայտարարել է, որ դրա իմաստը չկա, քանի որ Պեկինն արդեն պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը: