Փետրվարի 27-ին Բաքվում Ալիեւի հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմաննն ու տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված մյուս պետությունների ցանկացած ջանք։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի բազմաթիվ միջազգային գործընկերները, նրանց թվում տարածաշրջանից հեռու գտնվողները, բնական հետաքրքրվածություն են արտահայտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորմանը նպաստելու համար։
«Մենք, ինչպես բազմիցս նշել էր նախագահ Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանք, որ կբխի իրավիճակի կայունացման շահերից եւ պայմաններ կստեղծի, որ այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան նորմալ, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի հիման վրա համագործակցելու ի շահ իրենց երկրների եւ ժողովուրդների»,- ընդգծել է Լավրովը։ Նրա համոզմամբ` տարածաշրջանային անվտանգությունը շարունակում է արդիական թեմա մնալ ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ձեւաչափերում։
ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին հայտարարել է, թե հույս ունի, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին եւ անձամբ Լավրովին այդ գործում ունեցած ներդրման համար: «Կարծում եմ՝ Ռուսաստանը որպես մեր բարեկամ, դաշնակից եւ հարեւան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի եւ Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործում»,- ընդգծել է նա։