Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2020-ին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների պատճառով առաջացած լարվածության մեղմացմանն ուղղված եւ Հյուսիսային Իռլանդիայի համար առեւտրի կանոնների վերաբերյալ նոր համաձայնագիր են կնքել, որը դեռեւս պետք է հաստատի Բրիտանիայի խորհրդարանը։
Ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սունակը հայտնել է, որ կողմերը Հյուսիսային Իռլանդիայի հարցում վճռական առաջընթաց են գրանցել: Մեծ Բրիտանիայի վարչապետի համոզմամբ՝ համաձայնագիրը կապահովի անխափան առեւտուրը Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում եւ կպահպանի Հյուսիսային Իռլանդիայի տեղը Միությունում:
Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հերթին նշել է, որ գործարքը Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի համագործակցության նոր գլուխ է բացում: Նա նշել է, որ դրա շնորհիվ բյուրոկրատիայի քանակը կնվազեցվի, մաքսային հարցերում ապրանքների եւ մարդկանց տեղաշարժը սահմանով կպարզեցվի: «Գլխավորն այն է, որ գտել ենք մեր շուկաներից յուրաքանչյուրի պաշտպանության լուծումը, որը բավարարում է բոլոր կողմերին»,- ընդգծել է Ֆոն դեր Լայենը: