ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն շատ չի պնդի այդ հարցում։
Լավրովը հավելել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, հայկական կողմն էլ ասել է, որ նույնպես չի առարկում, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տվել: «Չեմ կարծում, թե համառորեն կառաջարկենք մեր ծառայությունները, բայց երկու կողմն էլ քաջ գիտի դրանց մասին»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը: Նրա համոզմամբ` Ռուսաստանը Հարավային Կովկասում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով, սակայն տարածաշրջանի ոչ բոլոր խաղացողներն են համաձայն այդ մոտեցմանը։
Ռուսաստանն, ըստ Լավրովի, ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը շուտով կկարողանա պայմանավորվել «Ադրբեջանի արեւմտյան հատվածի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության հաստատման շուրջ»։
Բաքվի եւ Երեւանի առցանց դիվանագիտությունն արդյունավետ չէ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ ասել է, որ Բաքուն եւ Երեւանն առցանց դիվանագիտությամբ են զբաղվում։ Ըստ նրա` կողմերը խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ են ուղարկում միմյանց, ինչը ոչ արդյունավետ է. «Որքան շուտ հայկական կողմը փոխի իր մոտեցումը եւ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջը, այնքան դա ավելի օգտակար կլինի գործընթացի համար»։