ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է դեռ 3 տարի տեւել։
«Տեսանելի չէ հակամարտության զարգացման հետագիծը։ Հակամարտությունը կարող է ավարտվել վեց ամսից, կարող է` երկու կամ երեք տարուց»,– ասել է նա։
Քալը հավելել է, որ հույս ունի՝ Կոնգրեսը կաջակցի Կիեւին օգնության ֆինանսավորման հարցում` նույնիսկ հաշվի առնելով այն, որ ընթացիկ գնահատականներով հակամարտությունը հնարավոր է շարունակվի։
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործողությունների հարցերով տնօրեն գեներալ Դուգլաս Սիմսն իր հերթին նույն լսումների ժամանակ նշել է, որ Ուկրաինայում տիրող ընթացիկ իրավիճակը, չնայած մարդկային զգալի կորուստներին, կայուն է։ Սիմսի տվյալներով` առավել ակտիվ դիմակայություն այս պահին նկատվում է Արտյոմովսկի շրջանում՝ Գորլովկայից հյուսիս ընկած՝ Կիեւի վերահսկողության տակ գտնվող հատվածում, որը Դոնբասում ուկրաինական զորախմբի մատակարարումներն ապահովող կարեւոր տրանսպորտային հանգույց է։ Քաղաքի միջով ճանապարհների եւ երկաթուղիների ցանց է անցնում։