Ըստ CNN գործակալության՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քահլը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Իրանի հնարավորություններն այնպիսին են, որ երկիրը 12 օրում կարող է արտադրել ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ նյութ: «2018-ին, երբ նախկին վարչակազմը որոշեց դուրս գալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, մեկ ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ տրոհվող նյութեր ստանալու համար Իրանից կպահանջվեր 12 ամիս: Մինչդեռ հիմա արդեն դրա համար կպահանջվի մոտ 12 օր»,- ընդգծել է Քահլը:
Նա հավելել է, որ Իրանը տպավորիչ առաջընթաց է արձանագրել միջուկային ոլորտում այն բանից հետո, երբ նախկին նախագահ Թրամփը Վաշինգտոնը դուրս բերեց միջուկային համաձայնագրից։ Քահլը հավելել է, որ միջուկային գործարքին վերադարձն առաջվա պես «լավագույն տարբերակն է», սակայն նշել է, որ ԳՀՀԾ-ի հարցն առայժմ հետաձգված է։
Մինչդեռ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բեռնսը փետրվարի 27-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ում ապացույցներ չունեն, որ Իրանի ղեկավարությունը որոշել է վերսկսել 2003-ին դադարեցված միջուկային զենքի ստեղծման ծրագիրը։
Մի քանի արեւմտյան լրատվամիջոցներ եւս նշել են, որ 2023-ի փետրվարի 12-ի դրությամբ Իրանում հարստացված ուրանի (անկախ հարստացման մակարդակից) պաշարները հասել են 3760,8 կգ-ի, ինչը 18 անգամ գերազանցում է միջուկային գործարքի շրջանակում համաձայնեցված մակարդակը: ՄԱԳԱՏԷ-ից ավելի վաղ զեկուցել էին, որ Իրանում մինչեւ 60% հարստացված ուրանի պաշարները 2022-ի նոյեմբերից ավելացել են 40%-ով, մինչեւ 60% հարստացված ուրանի պաշարները 62,3 կգ-ից հասել են 87,5 կգ-ի։ Հունվարի 22-ին Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտում վերցված նմուշները, ըստ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի, պարունակել են մինչեւ 83,7% հարստացված մասնիկներ։ Միեւնույն ժամանակ Թեհրանում բացատրել են, որ դա պայմանավորված է հարստացման մակարդակի չկանխամտածված տատանումներով։