Ըստ բրիտանական BBC գործակալության՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են կատարել Ռուսաստանի հինգ շրջանում՝ Ադիգեայում, Բելգորոդում եւ Բրյանսկի մարզում, ինչպես նաեւ Կրասնոդարի երկրամասի Տուապսեում եւ Մոսկվայի մարզում: Երկուշաբթի երեկոյան Բելգորոդում երեք անօդաչու թռչող սարք է ընկել կամ խոցվել, եւս մեկը՝ Բրյանսկի շրջանում։ Գիշերը անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով Տուապսեի նավթի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, մեկ այլ սարք էլ ընկել է Ադիգեայում։ Երեքշաբթի առավոտյան տեղեկություն է հայտնվել, որ անօդաչու թռչող սարք է ընկել նաեւ Մոսկվայի մարզի Կոլոմենսկի շրջանի գազի կոմպրեսորային կայանի մոտ։ Զոհեր չկան, բայց կան ավերածություններ:
Լենինգրադի մարզում էլ օդային տարածքը որոշ ժամանակով արգելափակվել է չպարզված թռչող օբյեկտի պատճառով։ Անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը ռուսական տարածքում ամենամեծ նման իրադարձությունն էր Ուկրաինայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկզբից ի վեր: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պնդում է, որ Կիեւը ներգրավված չէ Ռուսաստանի դեմ հարձակումներին։ «Ուկրաինան չի հարվածում Ռուսաստանի տարածքին, Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում իր բոլոր տարածքները ազատագրելու համար»,-թվիթերյան իր գրառման մեջ նշել է Պոդոլյակը։