Խարկովի մեդիակենտրոնը փետրվարի 27-28-ին Յութուբի իր ալիքում կազմակերպել էր երկօրյա «Լiutyi Լife» (Փետրվարյան կյանք) մարաթոնը՝ նպատակ ունենալով պատմելու այն դիմադրության մասին, որը ռուսական հարձակումից հետո ցուցաբերում է Ուկրաինայի ժողովուրդը։
Մարաթոնի ընթացքում ելույթներ ունեցան ուկրաինացի երաժիշտներ եւ արվեստի գործիչներ, ցուցադրվեցին կամավորների մասին պատմող ռեպորտաժներ, ուղիղ միացմամբ կապ հաստատվեց 40-ժամանոց բարեգործական վազքի մասնակիցների հետ։ Վազքը սկսվել էր Խարկովի՝ ռմբակոծություններից առավել տուժած Սալտովկա թաղամասից եւ ավարտվեց Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում։ Վազորդները 40 ժամվա ընթացքում անցան ռուսական հարձակումներից տուժած գրեթե բոլոր բնակավայրերով։
Մարաթոնի ընթացքում Խարկովի media hub-ի համակարգող, մարաթոնի վարողներից Դմիտրո Կուտովին կապ էր հաստատում նաեւ տարբեր երկրների լրագրողների եւ ֆիլմարտադրողների հետ, որոնք պատերազմի սկզբից ի վեր աշխատել են Ուկրաինայում։
Հայաստանից մարաթոնին մասնակցելու հրավեր էին ստացել «Old World» ընկերության նախագահ Գարս Խաչատրյանը, որը համակարգում է Ուկրաինայում հայկական լրատվամիջոցների աշխատանքը, եւ «Ալիք Մեդիայի» գլխավոր խմբագիր Տիգրան Պասկեւիչյանը։
Հայ գործընկերներին հատկացված կես ժամվա ընթացքում ցուցադրվեց նաեւ «Ալիք Մեդիայի» պատրաստած «Ուկրաինա։ Պատերազմ» տեսահոլովակը։ Այն ամփոփ ներկայացնում է անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Ուկրաինայում «Ալիք Մեդիայի» նկարահանած պատմությունները։