Արցախի ԱԳՆ-ում, անդրադառնալով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ մարտի 1-ին Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպմանը, հայտնել են, որ Արցախում անցկացված եռակողմ հանդիպման ժամանակ Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր հանդիպման մասնակիցները չեն քննարկել։ «Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար եւ ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաեւ, որ հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում։ Արցախը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման եւ անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թվականի հանրաքվեի ժամանակ։
Ըստ Արցախի ԱԳՆ-ի՝ Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նման քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։