Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմը փետրվարի 28-ին՝ 16:55-ի սահմաններում, եւ մարտի 1-ին՝ 14:00-ի սահմաններում, մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր է արձակել Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Կրակահերթերի հետեւանքով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։
Փետրվարի 28-ի կրակահերթի ժամանակ Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը, մարտի 1-ին էլ «Դավալա» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով աշխատում էր Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանը։
Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել եւ ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։