Ուկրաինական կողմն արձագանքել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությանը, որ Բրյանսկի մարզ ուկրաինական դիվերսիոն խումբ է մտել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանում ուկրաինական դիվերսիոն խմբի պատմությունը դասական գիտակցված սադրանք է:
Ավելի վաղ ռուսական ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Լյուբեչան գյուղի խանութներից մեկում մի քանի մարդ պատանդ է վերցվել։ Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազն էլ հայտնել էր երկու գյուղի վրա հարձակման մասին: Ըստ նրա՝ ուկրաինացի դիվերսանտները կրակել են մեքենաներից մեկի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը՝ վիրավորվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել: «Դա ահաբեկչություն է, հենց այդպիսի մարդիկ են իրենց առջեւ խնդիր դրել զրկել մեզ պատմական հիշողությունից, պատմությունից եւ ավանդույթներից», — ասել է Ռուսաստանի նախագահը։
Արեւմուտքն ԱՊՀ տարածքում անթաքույց աշխատում է Ռուսաստանի դեմ. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում հայտարարել է, որ Արեւմուտքը չի թաքցնում, որ աշխատում է ԱՊՀ տարածքում, որպեսզի այդ երկրները բարեկամական հարաբերություններ չպահպանեն Ռուսաստանի հետ։ Ըստ նրա՝ զարգացող աշխարհում եւ հատկապես ԱՊՀ տարածքում ամերիկացիների եւ եվրոպացիների ակտիվության աճ է նկատվում։ Նա ընդգծել է, որ Մոսկվան գիտի արեւմտյան երկրների փաստարկները, այն է`«կանգնե՛ք հաղթողի կողքին, Ռուսաստանը կփլուզվի, հետեւաբար նախապես կողմնորոշվեք»։