Երեկ նայեցի սիրելի Կարպիս Փաշոյանի հարցազրույցը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Պետք է փաստել, որ խոսակցությունը չափազանց լարված էր։
Պարոն Խաչիկյանի հիմնական մտքերից մեկն այն էր, որ արեւմտյան աշխարհն անհեռատեսորեն անկյուն է մտցրել Ռուսաստանին, եւ դրանից լավ բան սպասել չի կարելի։
Որ Ռուսաստանն անկյունում է, կամ, ինչպես մեր բարբառներից մեկով է ասվում, ծակուռում, վիճարկելի չէ։ Մի բան է քննելի ու վիճելի՝ արդյո՞ք անկյուն մտցնողն Արեւմուտքն է, թե՞ Ռուսաստանն ինքն է հոժար կամքով մտել։
Խորհրդային Միության փլուզումը, որը Վ.Վ. Պուտինը գեոպոլիտիկ ողբերգություն է համարում, Ռուսաստանի համար հրաշալի առիթ էր՝ դառնալու նույն Արեւմուտքի ընկերն ու բարեկամը։
Ի՞նչ էր պետք անել։ Նախ պետք էր տալ Ռուսաստանի խորհրդային կենսագրության պաշտոնական գնահատականը՝ զղջալ, ապաշխարել, ներում խնդրել սեփական եւ հարակից ժողովուրդներից աննախադեպ այն բռնությունների համար, որոնք կիրառվել էին տասնամյակներ շարունակ։
Արե՞ց Ռուսաստանն այդ բանը։ Չարեց։
Երկրորդը։ Պետք էր գործընկերային, իրավահավասար հարաբերություններ ունենալ խորհրդային, սոցիալիստական նախկին հանրապետությունների հետ՝ չդառնալով նրանց բռնարար հայրը, չպարտադրելով կյանքի ու զարգացման եղանակներ։ Եթե ԱՊՀ-ն (Անկախ պետությունների համագործակցություն) լիներ ավելին, քան Ռուսաստանի մահակի կոթը, անկախ հանրապետությունները դժվար թե սեւեռուն հայացքով նայեին դեպի Արեւմուտք։
ԱՊՀ-ն համագործակցության իրական հարթակ դարձնելու համար Ռուսաստանն ինքը պետք է զարգանար ու զարգացումի օրինակ տար նախկին եղբայրական ժողովուրդներին։
Ռուսաստանը պետք է ամեն ինչ աներ տարբեր տեղերում (Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Հարավային Օսեթիա, Չեչնիա, Մերձդնեստր) բռնկված հրդեհները մարելու համար, ոչ թե ձեռքերը տաքացներ այդ կրակների վրա՝ հուսալով մի օր հարմար տեղավորվելու նախկին եղբայրների շնչին։
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը տարփողելու փոխարեն Ռուսաստանը պետք է ընդուներ, որ ինքը պարտվել է հետպատերազմում, որ քայքայված ու ոչնչացված Գերմանիան՝ իր առաջընթացով ու կենսամակարդակով, երկու-երեք տասնամյակ անց «մուրազ» էր ոչ միայն իրենից պատով բաժանված ԳԴՀ-ի, այլեւ սովետական հաղթանակած ժողովուրդ(ներ)ի համար։
Պուտինի իշխանության արշալույսին կային հասարակագետ վերլուծաբաններ, որոնք խոսում էին արեւմտյան արժեքներն արհեստականորեն ներմուծելու դեմ եւ հօգուտ ռուսական քաղաքակրթական վճռի։ Դա արշալույսին էր, եւ ես ուշիուշով հետեւում էի մտքի այդ զարգացումներին։ Գուցե, երեւի, ինչ իմանաս, հնարավոր է, որ Ռուսաստանը կարող է ունենալ ինքնուրույն, եվրոպա-ամերիկյան ստանդարտներից տարբեր հասարակարգ՝ մտածում էի։
Բայց շուտով, շատ շուտով պարզ դարձավ, որ Լենինի եւ Ստալինի ուրվականներն են շրջում պուտինյան Ռուսաստանում, եւ քաղաքակրթական ուրույն վճիռը ոչնչով չի տարբերվում 20-30-40-ականների, 60-70-80-ականների դատավճիռներից։
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը, հնչեղ անուններ տալով, մեղադրում է Արեւմուտքին՝ Ռուսաստանին չընդգրկելու համար։ Հնչեղ անուններով այդ ամերիկացիների պապերն ու հայրերը, տատերն ու մայրերը չեն ապրել այն, ինչ կոչվում է ռուսական քաղաքակրթություն, բայց նաեւ, կարծում եմ, ըմբռնումով չէին մոտենա, եթե մի Քլինթոն, մի Բուշ, մի Թրամփ, մի Բայդեն կյանքից զրկեին կամ մեկուսացնեին քաղաքական իրենց հակառակորդներին։
Արեւմուտքն աչքիս լույսը չէ, բայց ես վախենում եմ այդ հնչեղներից, որոնք պատրաստ են ուկրաինացի անմեղ զոհերի արյունը վերագրելու արեւմտյան սառն, անմարդամոտ քաղաքականությանը՝ արդարացնելով Ռուսաստանի աննկուն թշվառությունը։
Ռուսաստանին ոչ ոք անկյուն չի մղել։ Ռուսաստանն ինքն է ընտրել անկյունը, որ մռնչա՝ լրացուցիչ անգամ եթերը լցնելով անմարդկայնության որոտով։
Իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, չգիտեմ։ Աստված մեզ պահապան։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։