2017-ին արցախցի մտավորականի հետ (այսօր նա բարձրաստիճան պաշտոնյա է) ծանր վեճ ունեցա։ Ինձ համոզում էր, որ Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզչությունը «սպառնալիք է, չպետք է գնալ կարգավորման եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել»։
Ո՞րն էր «հիմնավորումը»։ Նա համոզված էր, որ «ծնկած Ռուսաստանը ոտքի է կանգնում, Ալիեւը թեքվել է Միացյալ Նահանգների կողմը, եւ Պուտինը կպատժի նրան»։ Երբ հարցրի՝ ինչպե՞ս, զրուցակիցս խորհրդավոր ժպիտով ասաց․ «Մեր ձեռքով կապտակի»։
Դա ապրիլյան քառօրյայից շուրջ մեկ տարի հետո էր։ Ինձ այլ բան չէր մնում, քան պոռթկումով հակադարձել, որ «հարկ եղած դեպքում Պուտինը մեզ «հինգ կոպեկով կվաճառի» Ադրբեջանին»։
2021 թվականին նույն մտավորականը Լեռնային Ղարաբաղում ռուսերենը որպես պաշտոնական լեզու՝ օրինական սահմանման նախաձեռնողն էր, ու ես նրան խորհուրդ տվեցի «չշտապել եւ ամբողջովին չհանձնվել»։ Նա պաշտոնյայի, գրեթե ճակատագիր որոշողի իր «բարձրությունից» հարցրեց՝ ցանկալի՞ է ինձ ՌԴ քաղաքացիությունը։ Կտրուկ եւ ամենայն վճռականությամբ պատասխանեցի՝ ո’չ։ Նա դարձյալ քմծիծաղեց եւ «բարեկամաբար» խորհուրդ տվեց, որ «ոտքի տակ չընկնեմ»։
Զարհուրելի էր, որ Խծաբերդ-Հին Թաղերից հետո Արցախի բարձրագույն իշխանության ներկայացուցիչը հավատում էր, որ եթե մենք ռուսաց լեզուն երկրորդ պետական ճանաչենք, ապա «Պուտինը բոլորիս քաղաքացիություն կշնորհի»։
Բայց սա «աստառն է»։ Սա կեղտոտ քարոզչություն է, ինչպես նորերն են ասում՝ «զոմբիացում»։ Բուն ողբերգությունը բացահայտվում է արցախցի մեկ այլ մտավորականի օրվա գրառմամբ․ «Իսկ ռուսը կյանքում խաղաղապահին չի հանի այստեղից։ Այս մի թիքա հողն է մնացել իրեն, Հայաստանն արդեն իր ձեռքից գնում է։ Մտածում եմ և գրեթե համոզված եմ` ռուս-թուրք խաղը սպառվել է, շուտով կփոխվի ուրիշ խաղի։ Սպասենք»։
Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք ողորմելի հպատակվածության սարսափը։ Եվ ի՞նչ։ Մենք Շարժում ենք սկսել, երկու-երեք պատերազմ անցել, որպեսզի ռուսներն ունենա՞ն Հայաստանը։ Եվ եթե այդ «գեոպոլիտիկ ծրագիրն» իրականություն չի դարձել, ուրեմն մենք դատապարտված ենք Արցախը ճանաչել «Ռուսաստանին մնացած «մի թիքա» հո՞ղ»։
Դժվար է էմոցիաները զսպել եւ չհարցնել․ «Սա ո՞ւմ քարոզչությունն է»։ Ձեռնպահ մնամ եւ հիշեմ մեկ այլ մտավորականի հետ վեճս։ Նա ինձ ներշնչում էր, թե ռուս զորավար Սուվորովը, որին բագրատուլուբաբյանական-զորիբալայանական կոլաբորանտությունը հայկական ծագում է վերագրում, ինչ-որ ժամանակ ասել է, թե «ռուս զինվորը սապոգները պետք է Արաքսի ջրերում լվանա»։
Հարցիս՝ իսկ Սուվորովն ասե՞լ է, որ Արաքսից հյուսիս պետք է Հայաստան լինի, պատմաբան-գիտությունների դոկտորը չկարողացավ հոդաբաշխ պատասխան տալ։ Եվ այդ «ցնորամտությունը» շարունակվում է։ Շարունակվում է Արցախի «ֆենոմենացումը»։ Իշխող նախկին ուժի ներկայացուցիչը Արցախի ԱԽ քարտուղարին խորհուրդ է տալիս «առանց ականազերծման» չմտնել ղարաբաղա-ադրբեջանական բանակցությունների դաշտ։
Համարենք բարի ցանկություն։ Բայց ինչո՞ւ է նա հիշեցնում, որ արցախյան կողմից բանակցողն «ԱԱԾ գեներալ է»։ Բաքվից նշանակված Ռամին Մամեդովը չգիտի՝ ում հետ գործ ունի։ Գիտի, իհարկե։ Իսկ ի՞նչ ենթատեքստ ունի Արցախի ԱԽ քարտուղարին «զգուշացումը», թե ցանկացած «անզգույշ քայլ կբերի պայթյունի»։ Ո՞վ է «պայթյուն» կանխատեսում կամ ծրագրում։ Սա է գերխնդիրը։ Այսպես էլ 2017-ին արցախյան դիսկուրսում «պարտվողական» էր հռչակվել ՀԱԿ նախընտրական ծրագիրը։
Իրականությունը մեկն է՝ խաղաղության օրակարգի տապալումը բերել-հասունացրել է քառասունչորսօրյա պատերազմը։ Ղարաբաղա-ադրբեջանական երկխոսության ձախողումը սպառնում է Արցախի հայազրկմամբ։ «Լիրիկական» առումով դա կսնի հայ պոեզիայի եւս մեկ «ռենեսանս»՝ ողբասացություն։ Մենք գնում ենք նոր «Անլռելի զանգակատուն» գրելո՞ւ, թե՞ Արցախի իրավունքների պաշտպանության ճանապարհով։ Հարցին, երեւի, պատասխան պիտի փնտրել մեր ինքնությամբ․ «Մենք ողբերգությո՞ւն ենք, թե՞ ողբերգությունն է մեզ ընտրել»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։