Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշում (պատմ. Մարաշ) ավերիչ երկրաշարժի հետեւանքով 13 միլիոն բնակչություն ունեցող նահանգից 3 միլիոն քաղաքացի հեռացել է իր բնակավայրից։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ երկրաշարժից մահացածների թիվը հասել է 45 հազար 89-ի, իսկ ձերբակալվածներինը՝ 237-ի։ Մինչ օրս արձանագրվել է 11 հազար 20 հետցնցում։ Տեղեկացվում է, որ շուրջ 800 հազար մարդ վերադարձել է գյուղեր, իսկ 811 հազար մարդ էլ ցամաքային, օդային եւ երկաթուղային ճանապարհով տարհանվել է։
Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը հայտարարել է, որ երկրաշարժից տուժած 11 շրջաններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է իր հասցեին «անձնական վիրավորանք» հասցնելու պատճառով որոշ դատական հայցերից:
Թուրք սեյսմոլոգ, երկրաբան Նաջի Գյորուրը, թուրքական «FOX TV»-ի եթերում անդրադառնալով Թուրքիայում փետրվարին եղած երկրաշարժերին, հայտնել է, որ երկրի մի շարք հատվածներում երկրաշարժի վտանգը դեռեւս խիստ բարձր է։ Մասնավորապես, Մարմարա ծովում, Էրզինջանի եւ Քարլովայի միջեւ ընկած տարածքում եւ Փյուլյումյուր շրջանում սպասվում են երկրաշարժեր մինչեւ 7,4 մագնիտուդ հզորությամբ։ «Չորումը Հյուսիսային Անատոլիայի խզվածքի գծում է: Ամբողջ այս գոտին, ամբողջ Թուրքիան եւ նույնիսկ աշխարհի ամենաակտիվ գոտին այս գոտու մեջ է, որը կարող է մեծ երկրաշարժեր առաջացնել»,- նշել է թուրք գիտնականը։