Մարտի 4-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 18 դեպք։ Առողջապահության նախարարությունում կարմրուկով հիվանդների թվի ավելացման կապակցությամբ քննարկվել է հակազդման միջոցառումների ծրագիրը, եւ բոլոր ուղղություններով անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հստակ հանձնարարականներ են տրվել: Նախարարությունը կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա եւ պատվաստել երեխաներին։
Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 եւ 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաեւ կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երեւույթներով, չոր հազով, ջերմությամբ եւ այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։