Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ մարտի 5-ին` 10։00-ի սահմաններում, Արցախի տարածք ներթափանցած եւ ոստիկանության մեքենայի ուղղությամբ զինված հարձակում գործած ադրբեջանական դիվերսիոն խմբի վերաբերյալ Բաքուն շտապել է կեղծ տեղեկություն տարածել, ըստ որի` իրենք իբր վնասազերծել են Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ «Սա բացահայտ սուտ է եւ միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։ Ոստիկանության ծառայողները երթեւեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել ընդհանրապես»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը։
Արցախի պետնախարարը հայտարարել է նաեւ, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք։ Արցախի պետնախարարը շեշտել է, որ տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի իրավասու մարմիններn ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում Արցախի արտգործնախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։
«ՈՒԱԶ»-ի մեջ ծառայողական փաստաթղթերից եւ տաբելային զենքից բացի այլ բան չի եղել․ Արցախի ՆԳՆ
Ավելի ուշ Արցախի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում եւ այնտեղից հարձակվել «ՈՒԱԶ» մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ։ Արցախցի ոստիկանները ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղեւորվելիս են եղել ԼՂ Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր: Ընդ որում, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, դեպքին առնչվող տեսանյութերը հիմնավորում են, որ «ՈՒԱԶ»-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից եւ տաբելային զենքից այլ բան չի եղել:
Արցախի ոստիկանության ավտոմեքենայի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն ահաբեկչություն է
Արցախի ոստիկանության ավտոմեքենայի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն ահաբեկչություն են որակել Արցախի իշխանությունները եւ Հայաստանի ԱԳՆ-ն։ «Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել: Գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ոստիկանության ծառայողների եւ հարակից դիրքում գտնվող պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը եւս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր: