ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 6-ին հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանում հանրության մոտ 95%-ը պատվաստված է կարմրուկի դեմ, եւ միայն 5%-ն է, որ այդ վարակից պաշտպանված չէ։ Նախարարի համոզմամբ` կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակվելը բացառվում է։ Ավանեսյանն ընդգծել է, որ ռիսկի խմբում են հատկապես մինչեւ 1 տարեկան երեխաները, որոնց չեն կարող պատվաստել։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2006-2007 թվականներին, եւ երկիրն ունի այն փորձը, որն անհրաժեշտ է հիվանդության բռնկումը կանխարգելելու, զսպելու համար։
Երեւանի բոլոր պոլիկլինիկաները հանգստյան օրերին կաշխատեն
Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը հայտարարել է, որ Երեւանի բոլոր պոլիկլինիկաներում շաբաթ եւ կիրակի՝ 10։00-17։00-ը, հատուկ հերթապահություն է սահմանվել` հանրապետությունում կարմրուկի դեպքերի կապակցությամբ պատվաստումներն ապահովելու եւ գանգատներ ունեցող քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ Գեւորգ Սիմոնյանը հիշեցրել է, որ Հայաստանում ներկա պահին կարմրուկի 20 հաստատված դեպք կա, որից 15–ը` Երեւանում։ Նա հավելել է, որ հաստատված բոլոր դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիների մոտ։ Փոխքաղաքապետը կարմրուկի դեմ չպատվաստված կամ երկրորդ չափաբաժինը չստացած քաղաքացիներին հորդորել է դիմակներ դնել։