Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ միջուկային ծրագրի իրականացման Իրանի չափանիշներն են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) դրույթները, դրանով նախատեսված երաշխիքները եւ Մեջլիսի (խորհրդարանի) ընդունած ՝ Պատժամիջոցների չեղարկման եւ իրանցի ժողովրդի շահերի պաշտպանության ռազմավարական գործողությունների ծրագիրը:
ԻԱԷԿ-ի ղեկավարը հայտարարել է նաեւ, որ Թեհրանը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրն եւ այս պայմանագրով նախատեսված երաշխիքներին, իսկ ՄԱԳԱՏԷ-ն միջուկային ոլորտում գնահատում եւ վերահսկում է երկրի գործունեությունը: Էսլամին գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» (ԳՀՀԾ), որին մյուս կողմը չի հետեւում, չի կարող չափանիշ ծառայել Իրանի գործողությունների համար՝ ի տարբերություն Մեջլիսի ընդունած Պատժամիջոցների վերացման եւ իրանցի ժողովրդի շահերի պաշտպանության ռազմավարական ծրագրի:
Էսլամին նշել է, որ մյուս երկրները ձգտում են Իրանին ստիպել կատարելու ԳՀՀԾ-ի դրույթները, սակայն իրենք իրենց պարտավորությունները կատարել չեն ձգտում։ 2015 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակը» եւ Գերմանիան Իրանի հետ ստորագրել են ԳՀՀԾ-ն՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին: