Վարդան Հարությունյանը Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին հատուկ «Ալիք Մեդիայի» համար զրուցել է Կիեւի կրկեսային արվեստի եւ էստրադայի ակադեմիայի ուսանողուհի Դիանայի հետ: 22-ամյա աղջիկն ապրում ու դիմակայում է, թույլ չի տալիս, որ անսպասելի պայթած պատերազմը բեկի իր կյանքը։ Շարունակում է գնալ իր նախանշած ճանապարհով։
Ես Սիսոյե Դիանան եմ։ Ծնվել եմ Դնեպրում։ Երկու տարի առաջ տեղափոխվեցի Կիեւ։ Մինչ այդ սովորել եմ Դնեպրի թատերական քոլեջում։ Ավարտեցի ու միանգամից ընդունվեցի Կիեւի կրկեսային արվեստի ու էստրադայի ակադեմիայի երրորդ կուրս։ Այս տարի արդեն ավարտում եմ։ 22 տարեկան եմ։ Մինչեւ պատերազմը ուսմանս զուգահեռ նաեւ աշխատել եմ։ Ծնողներս, իհարկե, օգնում էին ինձ, բայց ես, այնուամենայնիվ, վճռել էի, որ պետք է աշխատեմ։ Հիմա արդեն ծնողներիս հետ եկել ենք որոշման, որ չեմ աշխատելու։ Պետք է ուսման վրա կենտրոնանամ։
Մինչ պատերազմը շատ էին խոսում, որ հարձակում է լինելու։ Այդ զրույցներին ես չէի հավատում։ Բայց քանի որ խորհուրդ էր տրվում առաջին անհրաժեշտության իրերով՝ ուտելիքով, ջրով, անհրաժեշտ դեղորայքով պայուսակ ունենալ, ես էլ շատերի պես մի փոքրիկ պայուսակ հավաքեցի, դրեցի մի անկյունում ու մոռացա դրա մասին։ Նման պայուսակը հիմա «տագնապային պայուսակ» ենք անվանում։ Այն ժամանակ այս տերմինները չկային։ Չէի կարծում, թե դրա կարիքը լինելու է։
Փետրվարի 23-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, Դնեպրից Կիեւ էին եկել իմ համակուրսեցիները։ Դնեպրի իմ համակուրսեցիներից կան նաեւ Կիեւում։ Տարուց ավելի իրար չէինք տեսել, որոշեցինք հավաքվել մեր ընկերներից մեկի տանը։ Փետրվարի 23-ի ողջ օրը միասին էինք։ Ուշ էր արդեն, վճռեցինք, որ գիշերն այդտեղ ենք մնալու։ Երեկոյան 9-ի կողմերը, չգիտես ինչու, հայտարարեցի, որ տուն եմ գնում։ Ներքին մի ձայն ինձ ասում էր, որ տանը պետք է լինեմ։ Ինձ մնալ էին համոզում, բայց ես գնացի։ Փետրվարի 24-ի լուսադեմին ինձ է զանգահարում մայրս եւ ասում, որ մեր տատիկները, որոնք Դոնբասի սահմանից ոչ հեռու գյուղում են ապրում, զանգահարել ու ասել են, թե ռմբակոծություն է սկսվել։ Խոսեցինք այն մասին, որ սարսափելի ոչինչ չի լինելու, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանությունները կպայմանավորվեն, որ այս ամենը կարճաժամկետ մի բան է, բայց մինչեւ խաղաղվելը մենք պետք է լինենք միասին։ Մայրս հանձնարարեց, որ անմիջապես դեպի Դնեպր տոմս գնեմ ու տուն վերադառնամ։ Առավոտյան փետրվարի 25-ի համար Դնեպր գնալու տոմս գնեցի։
Ես ապրում եմ Գոստոմելի օդանավակայանից ոչ հեռու։ (Պատերազմի առաջին օրերից այս օդանավակայանի համար կատաղի մարտեր են մղվել, որոնց ընթացքում ռուսական բանակը հսկայական կորուստներ ունեցավ։ Կորցրեց իր էլիտար դեսանտային ուժերի մեծ մասը, բայց գրավել այդպես էլ չկարողացավ։ Վ․Հ․)։ Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը սարսափելի ռմբակոծություն սկսվեց։ Արթնացա պայթյունների ձայներից։ Սարսափելի էր։ Չգիտեի, թե ինչ է պետք անել։ Հարեւանի հետ վազեցինք դեպի ստորգետնյա ավտոկայանատեղի։ Այնտեղ մնացինք մինչեւ առավոտյան 11-ը։ Ցուրտ էր շատ, այլ տարբերակ, բայց, չունեինք։
Դեպի Դնեպր իմ գնացքը երեկոյան էր մեկնելու։ Պարզ էր արդեն, որ ճանապարհները փակ են լինելու։ Ինչ-որ կերպ պետք էր հասնել կայարան։ Ժ․ 11-ին որոշեցի՝ ինչու պետք է այստեղ նստեմ, հավաքեցի իրերս ու դուրս եկա։ Շատ էի վախեցած։ Փողոցում շատ էին զինվորականները։ Սա էլ ավելի էր սաստկացնում սարսափը։ Այդ հիմա է զինվորականների ներկայությունը սովորական։ Առաջին օրերին անսովոր էր ու վախեցնող։
Մետրոն չէր աշխատում։ Այլ տրանսպորտ նույնպես չկար։ Փառք Աստծո, բարի մարդիկ իրենց ավտոմեքենաներով, եթե ուղղությունը համընկնում էր, օգնում էին։ Այդ օրերին բոլորն էին բոլորին օգնում։ Համընթաց ավտոմեքենայով ինձ հասցրին կայարանից ոչ հեռու, մնացած ճանապարհը գնացի ոտքով։ Հասա կայարան ու պարզեցի, որ իմ գնացքը չեղարկել են։ Շվարած էի։ Չգիտեի, թե ինչ եմ անելու։ Գումարը վերադարձրին, բայց խորհուրդ, թե ինչպես պետք է ծնողներիս հասնեմ, տալ չէին կարող։ Գումարն ինձ պետք չէր բոլորովին։ Ավելին՝ ես էի պատրաստ տալու մոտս եղած ողջ գումարը, միայն թե տուն հասնեմ։ Որոշ ժամանակից պարզվեց, որ դեպի Դնեպր մեկնող այլ գնացք կա։ Կասկածում էի՝ կթողնե՞ն, որ նստեմ։ Չէ՞ որ տոմս չունեի։ Զարմանալի էր, բայց թողեցին ու անվճար։ Եվ ոչ միայն ինձ։ Գնացքը լեփ-լեցուն էր։ Յուրաքանչյուր կուպեում ոչ թե չորս, այլ վեց-ութ մարդ էր գտնվում։ Այսպես հասա ծնողներիս։
Կիեւի համեմատ տարբերությունը մեծ էր։ Կիեւում յուրաքանչյուր քայլին պայթյուններ ու կրակոցներ էին, իսկ այստեղ հանգիստ էր։ Մոտ մեկ ամիս Դնեպր քաղաքի ուղղությամբ կրակոցներ չեղան։ Օդային տագնապներ հայտարարվում էին, բայց լուրջ միջադեպեր, ռմբակոծություններ չէին լինում։
Իսկ ահա մարտի վերջերին սկսեցին հրթիռներով ռմբահարել։ Վիճակը շատ էր վատ։ Ծնողներս անչափ անհանգստացած էին իմ ու քրոջս անվտանգությամբ։ Քաղաքից, ավելին՝ երկրից դուրս գալ էր պետք։ Այդ շրջանում շատերն էին հեռանում։ Իշխանություններն էլ էին հեռանալը խրախուսում։ Հայրս զորակոչի տարիքի է։ Մայրս բժշկուհի է։ Երկուսն էլ երկրից դուրս գալու իրավունք չունեն։ Հայրս վճռեց, որ ես որպես չափահաս պետք է ձեւակերպվեմ 12-ամյա քրոջս խնամակալ, եւ այդ տարբերակով դուրս գանք երկրից։ Այլ ելք չկար։ Նման ինտենսիվ ռմբակոծությունների պարագայում քաղաքում մնալն անչափ վտանգավոր էր։ Փաստաթղթում, որ վավերացրել էր նոտարը, մոտ տասը եվրոպական երկրներ էին նշված, որովհետեւ չգիտեինք, թե ինչպես ենք գնալու եւ որ երկրում ենք հայտնվելու։
Մեր նպատակը Բուլղարիա հասնելն էր։ Գնացինք շատ երկար՝ երկու օր։ Ոչ ոք չգիտեր, թե որ ուղղությամբ ենք գնալու, որտեղ է անվտանգ, կամ որտեղ են ռմբակոծում։ Վարորդը տեղում էր կողմնորոշվում ու, եթե պետք էր լինում, փոխում էր ուղղությունը։ Օդեսայի մոտակայքում մեր ավտոբուսն այլ մեքենաների հետ լաստանավ բարձվեց, ինչ-որ գետ էր, որ պետք է անցնեինք, ապա հատելով Մոլդովայի ու Ռումինիայի սահմանները, հասանք Բուլղարիա։ Սահմանային անցակետերում շատ երկար էինք սպասում, հոգնեցուցիչ էր անչափ, այլ կերպ, պարզ է, չէր էլ կարող լինել։ Մեզ տեղավորեցին Վառնա քաղաքի մի հարմարավետ հյուրանոցում։ Սենյակում ես էի, քույրս էր ու մի տատիկ՝ թոռնուհու հետ։ Բնակվելու ու նախաճաշի, ճաշի ու ընթրիքի համար չէինք վճարում։ Մեր նկատմամբ վերաբերմունքը շատ լավ էր։ Հոգատարությունն անընդհատ էր զգացվում։ Ավելի ուշ մենք բնակարան վարձեցինք։ Երկու ամիս ապրեցինք այնտեղ։ Հունիսին հասկացա՝ ո՛չ, ես տուն եմ ցանկանում վերադառնալ։
Ամեն ինչ լավ էր, ծովափ էինք գնում, հանգստանում էինք, բայց տուն վերադառնալու ցանկությունը չէր լքում։ Մայրս հեռախոսով համոզում էր անընդհատ, որ մնանք այնտեղ, բացատրում էր, որ պատերազմը մեծ ծավալների է, որ շատ վտանգավոր է։ Ասում էր՝ պատկերացրե՛ք տուրիստներ եք, հանգստանում եք։ Ինչ ուզում եք, արեք, ասում էր, միայն թե Ուկրաինա մի՛ վերադարձեք։ Նրա յուրաքանչյուր զանգից հետո հանդարտվում էի, բայց մի քանի օրից կրկին վերադարձից էի խոսում։ Մի խոսքով՝ էլ դիմանալ չէի կարող, հայտարարեցի, որ վերադառնում եմ։ Պայմանավորվեցինք՝ եթե վիճակը մինչեւ մեր վերադարձը մնա նույնը, ապա մեկնում ենք մեկ այլ երկիր։
Բուլղարիան Ուկրաինային շատ մոտ է։ Ցավոք, Ռուսաստանին նույնպես։ Իրականում բարդություն չկար բոլորովին։ Մեզ շատ լավ էին ընդունել ու լավ վերաբերվում էին։ Բայց, միեւնույնն է, ինչ-որ բան այն չէր։ Մարդիկ, որոնք պատերազմը չեն տեսել, մեր ապրումները մինչեւ վերջ հասկանալ չեն կարողանում։ Նրանք պատրաստ էին մեզ օգնելու, ցանկանում էին մեզ օգնել, բայց ողջ խորությամբ մեր վիճակը չէին պատկերացնում։ Կրկնեմ՝ նրանք հոյակապ մարդիկ էին, դժգոհելու առիթ չունեմ, բայց նրանց հետ շփվելը բարդ էր։ Պատճառն այն էր, որ նրանք ողջ խորությամբ չէին հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Մեր պատերազմը չէին հասկանում։ Ամենակարեւորը՝ Ռուսաստանի ինչ ու ինչպիսին լինելը չէին հասկանում։ Ռուսաստանի ու ռուսների մասին զրույցներում փորձում էին լինել չեզոք։ Սա վանող էր, լարվածություն էր մտցնում։
Ծովափնյա այդ քաղաքում անընդհատ ինչ-որ տոնակատարություններ էին լինում, որոնք գիշերային հրավառություններով էին ուղեկցվում։ Ես ու քույրս արթնանում էինք սարսափից։ Դրանք մեզ ռմբակոծություններ էին հիշեցնում։ Եղել է անգամ, որ արթնանալուց հետո որոշ ժամանակ չեմ գիտակցել, թե որտեղ եմ, ու ինչ է կատարվում։
Չէ՛, իմ մեջ վիրավորանք չկար։ Այնպես չէ, թե մենք բոլորից պահանջում ենք, որ մեր վիճակով ապրեն։ Հակառակը։ Պետք է տոնեն իրենց տոներն, ուրախանան։ Մենք նույնպես այնտեղ ուրախ ժամանակ ենք անցկացրել։ Ծովափ ենք գնացել, հանգստացել ենք։ Կրկնում են, չէ՞, անընդհատ մեր զինվորականները, որ կռվում են մեր ազատ ու անհոգ կյանքով ապրելու համար։ Նրանց կռիվը մեր ապրելու, լիարժեք կյանքով ապրելու համար է։ Եթե բոլորս ընկնենք հուսահատության գիրկը, լինենք ընկճված, ապա նրանց պայքարն անիմաստ կդառնա։ Այստեղ՝ Ուկրաինայում էլ եմ ես իմ նորմալ կյանքով ապրում։ Երբ առիթ է լինում, ուրախանում եմ։ Բուլղարներն էլ իրենց կյանքով պետք է ապրեն։ Բայց անընդհատ կրկնվող այդ հրավառությունները ճնշում էին։ Դրանք լսելը գնալով ավելի ու ավելի ծանր էր դառնում։ Մնալ այլեւս չէինք կարող։ Բայց բուլղարներից դժգոհելու առիթ, հաստատ, չկա։
Հա։ Պետք է վերադառնայինք։ Ավտոբուսն ուշացավ։ Մի չորս ժամ կանգառում սպասեցինք։ Քույրս քնել էր նստարանին։ Վերադարձանք նույն ճանապարհով, որով գնացել էինք։ Դնեպրում վիճակը բոլորովին նման չէր պատերազմի առաջին օրերի վիճակին։ Պատերազմը դարձել էր առօրյա։ Մարդիկ վարժվել էին դրան։ Եթե առաջին օրերին մենք ու մեր ծնողները հագած-կապած օդային տագնապի էինք սպասում, որ անմիջապես ռմբապաստարան կամ մետրո իջնենք, ապա մեր վերադարձին վերաբերմունքը բոլորովին այլ էր։ Ես ու քույրս հին ազդեցությամբ դեռ վախենում էինք, բայց, պարզվեց, ժամանակավոր էր։ Հիմա մենք էլ ենք սովորել։ Սա, սակայն, չի նշանակում, թե անուշադիր ենք դարձել։ Բոլորովին։ Վտանգը հասկանում ենք, բայց առաջին օրերի սարսափը չկա։ Ծանոթ ենք պատերազմին, այն մեր առօրյան է, բայց մեզ արդեն չի սարսափեցնում։
Կյանքը շարունակվում է։ Նաեւ լավ իրադարձություններ են լինում։ Մեր բացակայության ժամանակ, օրինակ, ծնողներս Մարիուպոլից տեղահանված մի ընտանիքից փոքրիկ շնիկ են վերցրել։ Նախկին տերերը խնամել արդեն չէին կարող։ Սա մեծ ուրախություն է։ Վաղուց էինք նման մի բան ցանկանում։ Հիմա մենք մարիուպոլցի Ջեսի ունենք։
Կարեւոր է նաեւ, որ պատերազմը չթելադրի ու չբեկի մեր կյանքը, չհաղթի մեզ։ Ես որոշել էի, որ պետք է ուսումս ավարտեմ ու իմ մասնագիտությամբ աշխատեմ, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Նրանց պատճառով ես չպետք է նստեմ Բուլղարիայում ու կիսատ թողնեմ իմ ծրագրերը։ Սա էլ սանձազերծված պատերազմին իմ պատասխանն է։
Իհարկե, հաղթելու ենք։ Դրանում կասկած չկա։ Թե ինչ է պատահելու ինձ հետ վաղը, ասել չեմ կարող։ Ես նույնիսկ իմ բոլոր փաստաթղթերն եմ անընդհատ իմ պայուսակում պահում, որովհետեւ չգիտեմ, թե ինչ է լինելու կես ժամ հետո։ Բայց մի հարցում ես վստահ եմ ու երբեք-երբեք չեմ կասկածելու, հավատում եմ ողջ սրտով ու ողջ հոգով, մենք հաղթելու ենք։ Այս շրջանը պետք է անցնենք, իրար պետք է օգնենք, պետք է հաղթահարենք այս աղետը, ու ամեն ինչ լավ է լինելու։ Հաղթանակ է լինելու։
Այո՛։
Միայն ռուսերեն։ Ես իմ ողջ կյանքն եմ ռուսերեն խոսել։ Իմ ծնողները գյուղից են։ Մինչեւ Դնեպր տեղափոխվելը խոսել են շուրժիկով (ռուսերենի եւ ուկրաիներենի խառնուրդ, որ տարածված է Ուկրաինայի արեւելքում։ Վ․Հ․)։ Քաղաք տեղափոխվելուց հետո անցել են ռուսերենի եւ վճռել են՝ եթե պետք է խոսեն ռուսերեն, ապա այն պետք է մաքուր ու գեղեցիկ ռուսերեն լինի։ Ինձ ու քրոջս էլ են նույն պահանջը ներկայացրել։
Այս պատերազմը, սակայն, ամեն ինչ փոխեց։ Բոլորն էլ անցնում են ուկրաիներենի։ Մեր ընտանիքը նույնպես այդ ճանապարհին է։
Այո՛, այո՛, սա մարդկանց ընտրությունն է։ Սա ուկրաինացիների պատասխանն է Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։ Ես մարդկանց գիտեմ, որ շատ արագ անցան ուկրաիներենի։ Ասենք՝ մեկ շաբաթվա ընթացքում։ Ես դեռ վերջնականապես ուկրաիներենին չեմ անցել, ինձ մոտ բարդ է ստացվում, բայց գիտեմ՝ անցնելու եմ։ Պատկերացրե՛ք, ողջ կյանքս խոսել եմ ռուսերեն, ինձնից անընդհատ պահանջել են, որ ռուսերենս լինի իդեալական, ու հիմա մի քիչ բարդ է, բայց, վստահ եմ՝ կանցնեմ։
Պատերազմի առաջին օրերին չէին աշխատում։ Ավելի ուշ սկսեցին աշխատել։
Այո՛, իհարկե։ Ներկայացումներ լինում են մշտապես, հանդիսատեսն էլ գալիս է։ Այն թատրոններում, որտեղ հնարավոր է, նկուղներում բեմահարթակներ են սարքել ու հանդիսատեսի համար պայմաններ ստեղծել։ Օդային տագնապների ժամանակ բեմադրությունները նկուղային հարկերում են արվում։ Իսկ թատրոնները, որոնք նկուղներ չունեն, օդային տագնապի ժամանակ ներկայացումը հետաձգում են։ Բոլոր թատրոններն էլ, ըստ էության, աշխատում են։ Նույն վիճակն է նաեւ Դնեպրում։ Իմ համակուրսեցիներն, օրինակ, այս պահին աշխատում են Դնեպրի թատրոններում։ Մարդիկ տոմս են գնում ու թատրոն են հաճախում։ Թատերական կյանքը շարունակվում է լիարժեք։
Այո՛։ Մինչեւ պատերազմը Ինստագրամում ես հիմնականում ռուս բլոգերների հետեւորդ էի։ Մեկ շաբաթվա ընթացքում բոլորից հեռացա։ Սկզբում ես հեռացա նրանցից, ովքեր գրում էին, թե Ուկրաինայի դեմ են ու Ռուսաստանին են պաշտպանում, ապա չեզոքներից հեռացա, իսկ վերջում հեռացա նույնիսկ նրանցից, ովքեր ասում էին, թե դեմ են պատերազմին ու խաղաղության կողմնակից են։ Դրանք էլ ինձ պետք չեն։ Խաղաղության կողմնակից են, բայց ապրում են Ռուսաստանում ու իրենց վճարած հարկերով ռուսական բանակն են սնում։ Ռուսաստանի հետ ընդհանուր ոչինչ ունենալ չեմ ցանկանում։
Մի քանի օր առաջ իմ համակուրսեցիներից մեկն այս կապակցությամբ մի շատ դիպուկ միտք ձեւակերպեց․ «Ռուսական մշակույթի ներկայացուցիչներն են այն հիմքը, որի վրա կանգնած է այսօրվա Ռուսաստանը»։ Ես ամբողջությամբ համամիտ եմ այս ձեւակերպման հետ։ Ռուսական մշակույթի նախկին ու ներկա դեմքերն են ձեւավորել այսօրվա Ռուսաստանը։ Այսօրվա Ռուսաստանը նրանց մտքի ու գործի արգասիքն է։ Ինձ համար այսօր դժվար է ընդունելն այն ամենը, ինչ ռուսական է։ Հասկանում եմ, որ սա այս ահավոր պատերազմի հետեւանքն է։ Իհարկե, մենք պետք է իմանանք ամեն ինչ, պետք է ծանոթ լինենք օտար մշակույթներին, այդ թվում ռուսականին, բայց այսօր բարդ է։ Երբ ավարտվի այս դաժան պատերազմը, շատ բան գուցե կարգավորվի։ Իսկ այսօր նրանք մեր թշնամին են։ Բոլորը։ Այլ կերպ նրանց ընկալել ես չեմ կարող։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։