«Չեն բացառվում (բնագրում այդպես է-Վ․Ա․), որ առաջիկայում նույնպես կլինեն այդպիսի սադրանքներ: (Նկատի ունի ոստիկանության երեք սպայի սպանության պատճառ դարձած ադրբեջանական դիվերսիան- Վ․Ա․) Իսկ դա հնարավոր է Հայաստանի այդ ՔՊ-ական ղեկավարության լուռ համաձայնության պայմաններում: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Ալիեւն ու Փաշինյանը պայմանավորված են անում այս ամենը»։
Սա Արցախի ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորի՝ նույն օրը գումարված Արցախի Անվտանգության խորհրդի նիստից տպավորությունն է։ (Նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունից մեջբերում չեմ անում, գրեթե բոլոր լրատվամիջոցները դրան անդրադարձել եւ լայնորեն տարածել են)։
Մի քանի օր առաջ նորանշանակ պետական նախարարին ներկայացնելիս Արայիկ Հարությունյանն ասել է, որ նա կհամակարգի բոլոր նախարարությունները՝ ԱԳՆ-ից եւ ուժային կառույցներից բացի։ Այսինքն՝ ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն եւ ՊԲ-ն նախագահի անմիջական ենթակայության տակ են։ Թե ինչպես են «Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվում», որ Արցախի ուժային կառույցներից մեկի տեսախցիկը ֆիքսի ադրբեջանցի դիվերսանտների հարձակումը, բայց ոստիկանների մեքենան դիմահար «մաղելուց», դուռը բացելուց եւ «ստուգողական կրակոց» արձակելուց հետո է միայն հեռացող ադրբեջանցիների ուղղությամբ կրակ բացվում, անհասկանալի է։ Այլապես պիտի ընդունենք, որ Հայաստանի վարչապետը «Խայփալու» տեղամասում արցախյան դիրքապահ ուժերի հետ «կապ է հաստատել եւ հրահանգել, որ ադրբեջանցի դիվերսանտներին չխանգարեն»։
Քաղաքականությունը երբեմն բարոյականության հետ հաշտ չի լինում, բայց երբ նաեւ տարրական տրամաբանությանն է հակադրվում, հետեւություն պետք է անի հանրությունը։ Որովհետեւ անտրամաբանականի «տրամաբանությամբ» առաջնորդվողն է նաեւ մեր, մեր երեխաների եւ թոռների համար ճակատագրական որոշում ընդունողը կամ գոնե քաղաքական կողմնորոշման հստակեցման դերակատարներից մեկը։
Հիմա ասեմ, մարտի 6-ը լա՛վ հիշեք։ Ստեփանակերտում անտրամաբանականի «տրամաբանությունը» զգետնեց ողջախոհությունը։ Եթե Արցախի նախագահին թվում է, թե դա «կոնսենսուսային որոշում է», եւ շատ հնարավոր (իր կողմից անոնսավորված) «սրացումների» համար որեւէ կուսակցական գործիչ պատասխանատվություն է ստանձնելու, ապա նա սխալվում է։
Ֆորս-մաժորի դեպքում, պետք է համոզված լինել, «Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններին» ավելանալու է մի անուն՝ Արայիկ Հարությունյան։ Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում ներկա ո՞ր քաղաքական ուժն է գոնե մի «եղունգաչափ» պատասխանատվություն վերցնում պատերազմի մարտահրավերը կամ «նետած ձեռնոցը» վերցնելու համար։
Ոչ մեկը։
Իշխող ուժը ՔՊ-ն էր, վարչապետը՝ նրա առաջնորդը, եւ նրանք են «կապիտուլյացիայի» միակ պատասխանատուն։ Թեեւ բոլորն էին կողմ, որ Հայաստանը ռազմական դրություն հայտարարի եւ ֆորմալացնի պատերազմին մասնակցությունը։ Նույնը՝ Արցախի խորհրդարանի դեպքում։ Ո՛չ ՀՅԴ-ն է պատասխանատու, ո՛չ Արդարությունը, ո՛չ Արցախի ժողովրդավարական, ո՛չ Միասնական հայրենիք կուսակցությունը։ Պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է՝ իր Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքով։
Քաղաքականությունը դաժան եւ հաշվենկատ է, պատմությունը՝ շատ հաճախ մոռացկոտ։ Ո՞վ է հիշում, որ 1921 թվականին Երեւանից Սյունիք «տարագրվող» Փրկության կոմիտեի կառավարությունը մինչեւ վերջին արծաթե գոտին («Հայաստանի հանրապետություն» գրքում Սիմոն Վրացյանը հաշվետարի բծախնդրությամբ թվարկել է) կողոպտել է պետական գանձարանը, որը հետո տեղափոխվել է Պարսկաստան։ Ո՞վ է հիշում, որ Դրոն բոլշեւիկների օրհնությամբ տեղափոխվել է Մոսկվա, զբաղվել ծխախոտի առեւտրով, ապա շատ հանգիստ արտագաղթել Արեւմուտք։ Ոչ ոք չի հիշում, հիշեցնողն էլ պետք է, ինչպես ղարաբաղցին է նման դեպքի համար ասում, «գլխի փաթաթանը (վիրակապը) պատրաստ ունենա»։
Այսօր Արցախի պետական գանձարանը «դատարկ է» (այդպես են ասում)։ Բայց արցախցու համար բախտորոշ կեցվածք ընդունողների բանկային հաշիվներն առնվազն դոլարով կլոր-միլիոնանոց են։ Նրանք Երեւանում, ոմանք՝ նաեւ Հայաստանից դուրս, տուն-բնակարան եւ «արդար քրտինքով» դրած գործ ունեն։ Ֆորս-մաժորի դեպքում իրենց զավակները եւ թոռները «պատերի տակ» չեն մնալու։ Իսկ ի՞նչ է անելու ոստիկանության զոհված քսանհինգամյա լեյտենանտի այրին, որի գրկին ութ ամսական երեխա կա։ Իսկ ո՞վ է պատասխան տվել Բանդիմահու գետում խեղդված վասպուրականցի հազարավոր երեխաների համար։ Ոչ ոք։ Ավելին, ողբերգության գլխավոր պատասխանատուի արձանն է այսօր Երեւանի կենտրոնում։ Իսկ եթե Հակարոն «դառնա Բանդիմահո՞ւ»։
Բայց ո՞ւմ եմ հարցնում։ Սրանք, ախր, չգիտեն՝ Բանդիմահուն ինչ է։ Սրանցը «Կարկուտ տեղաց Խանասորա դաշտումն» է։ Երբ քրդի մի աշիրեթի սպառ-սպուռ բնաջնջումը պանծացվում է։ Եվ քո մեծ ողբերգության մասին քո խոսքերն այլեւս հավատ չեն ներշնչում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։