ԱՄՆ Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին: Ճեպազրույցի ժամանակ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հետեւում է մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ներսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկություններին: Ցավակցելով տուժածների ընտանիքներին՝ նա միաժամանակ շեշտել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, եւ վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումը երբեւէ ընդունելի չէ։ «Խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։ Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուսի Բոնոն տարածաշրջանում է, որպեսզի ընդգծի առաջ գնալու միակ ուղին ուղիղ երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,- նշել է Փրայսը։
Պետդեպի խոսնակը շեշտել է, որ մտադիր չեն կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ, կողմերն իրենք պիտի որոշեն։ «Փաստացի, մենք միջնորդ էլ չենք, այլ գործընկեր՝ երկու երկրների համար։ Կարծում եմ թե՛ խոսքով, թե՛ գործով ցույց ենք տվել, որ կարող ենք մոտեցնել երկու երկրներին, ինչպես նաեւ մեր պատրաստակամությունը եւ ցանկությունը հավելյալ առաջընթաց արձանագրելու Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում»,- հայտարարել է Նեդ Փրայսը։
Նա հավատացրել է, որ Միացյալ Նահանգները կոչով դիմում է կողմերին ոչ թե Մոսկվայի հետ մրցելու համար, այլ համաձայնություն ստանալու եւ երկու երկրների հարատեւ հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով։ «Դժբախտաբար, հակամարտությունը շարունակում է կյանքեր խլել, ինչպես մարտի 5-ին։ Մեզ այստեղ հետաքրքրում են միայն խաղաղությունը եւ անվտանգությունը։ Դա նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում»,- ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։