ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերի հարձակումը, որի հետեւանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության եւս մեկ ակտ է: «Արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի է մեծանում մարդու իրավունքների եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը»,- ասել է կոնգրեսականը:
Շիֆը հիշեցրել է՝ այս բռնությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի ընթացքում, որի հետեւանքով 120 հազար մարդ հայտնվել է ծանր վիճակում: «ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումներն Արցախի վրա եւ պատասխանատվության ենթարկի Ալիեւի ռեժիմին: ԱՄՆ պետքարտուղարությանը եւ Բայդենի վարչակազմին կոչ եմ անում օգտագործելու դիվանագիտական բոլոր ուղիները՝ տարածաշրջանում աճող անկայունությունը լուծելու համար»,- իր ֆեյբուքյան գրառման մեջ նշել է Շիֆը:
Կոնգրեսականը շեշտել է՝ պետք է երաշխավորել, որ Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը հարգվեն։
Վնասվածք ստացած ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում։