ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոդ Ռոբինսոնը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի ընդունած «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերն ակնհայտորեն Ռուսաստանի համար են շահեկան, ոչ թե Վրաստանի։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին առաջին ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա ազդեցության մասին» եւ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» փաթեթը ներառող «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերը։ Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ֆինանսավորում են օտար ուժերը։ Աղմկահարույց երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած եւ հակաարեւմտյան շարժում ձեւավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։ Հեղինակներն օրինագիծը համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ըստ Ռոբինսոնի՝ նշված օրինագծերի ընդունումը ճիշտ չէ Վրաստանի համար: «Կարծում ենք, որ սա ճիշտ չէ Վրաստանի համար, եւ որ ավելի կարեւոր է՝ վրացիներն էլ են այդպես կարծում։ Մենք կշարունակենք աշխատել Վրաստանի կառավարության հետ՝ ապահովելու համար համատեղ աշխատանքն այն առաջնահերթությունների վրա, որոնք տանում են նրանց դեպի եվրատլանտյան ինտեգրում»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:
Փաթեթը քննադատել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն եւ ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ եւ եվրախորհրդարանականներ: ԱՄՆ-ում ՄԱԿ-ի կենտրոնակայան այցից առաջ Վրաստանի նախագահն ասել է, որ եթե նշված օրենքն ընդունվի, ինքը վետո կդնի դրա վրա։