ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը քննադատել է Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումն առաջին ընթերցմամբ: ԵՄ արտաքին ծառայության ղեկավարը նշել է, որ օրինագիծը հակասում է Եվրամիության մաս դառնալու Թբիլիսիի ձգտումներին։ Բորելը նշել է, որ այդ օրենքն անհամատեղելի է այն արժեքների ու չափանիշների հետ, որոնց հավատարիմ է ԵՄ-ն, ինչպես նաեւ հակասում է կազմակերպությանն անդամակցելու Վրաստանի մտադրությանը։ Միաժամանակ նա հորդորել է հարգել երկրի քաղաքացիների՝ խաղաղ ցույցերի դուրս գալու իրավունքը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram–ում մեկնաբանել է Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի առնչությամբ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի դիրքորոշումը։ «Այժմ հասկանալի է` ինչու ԱՄՆ-ը դեռ ԵՄ–ում չէ, այնտեղ այդ օրենքը 1938 թվականից է գործում»,- հեգնանքով նշել է ռուս դիվանագետը։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է ցուցարարներին եւ խոստացել վետո կիրառել օրենքի հանդեպ, որը, ըստ նրա, անվավեր է եւ ոչ մեկին պետք չէ: Մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն մարտի 7-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները «տհաճ տեսարան» է համարել: «Նրանք իրականում ոչ մի կապ չունեն ո՛չ Եվրոպայի, ո՛չ Արեւմուտքի հետ, սովորական բոլշեւիկներ են, նրանց մեջ կենդանի է բոլշեւիկյան ոգին, Սերգո Օրջոնիկիձեի ոգին: Գլխավորը ճշմարտությունն է, իսկ ճշմարտությունն այն է, որ սա ոչ թե ռուսական, այլ ամերիկյան օրենք է՝ համապատասխանեցված քաղաքացու իրավունքներին ու արեւմտյան չափանիշներին»,- նշել է Կոբախիձեն։
Վրացական ոստիկանությունը նախօրեին ձերբակալել է 66 քաղաքացու, երբ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարները Թբիլիսիում Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանական ուժերի եւ ցուցարարների բախումների հետեւանքով կան վիրավորներ եւ բերման ենթարկվածներ. վիրավորների շարքում նաեւ անչափահասներ կան: