Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հեղինակները որոշել են առանց նախապայմանների հետ կանչել հասարակության շրջանում տարաձայնություններ հարուցած իրենց օրինագիծը։ Վրաստանի մայրաքաղաքում երկու օր շարունակ անկարգություններով եւ իրավապահների հետ բախումներով ուղեկցվող բողոքի լայնամասշտաբ ցույցերի մասնակիցները դեմ էին առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին, ըստ որի՝ օտարերկրյա ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական այն անձինք, որոնց տարեկան եկամուտների 20%-ից ավելին ստացվում է արտասահմանից: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության եւ իրենց շարքերը լքած, հակաարեւմտյան շարժում ձեւավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժման եւ խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի համատեղ ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդակցություններ են անցկացրել օրենքի նախագխի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների առնչությամբ։
Օրենքի նախագծի հեղինակները պնդում էին, որ օրինագծի միակ նպատակը զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է, մինչդեռ նախագծի ընդդիմախոսները միաձայն հայտարարում էին, որ օրինագծերն ուղղակիորեն շեղվում են արեւմտամետ կուրսից եւ ծառայում մեկ նպատակի՝ թույլ չտալ Վրաստանին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչը Վրաստանի Սահմանադրության խախտում է։ Հայտարարության մեջ նշվում է, որ «ստի մեքենան կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո եւ մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածի։ Ըստ հայտարարության հեղինակնեերի՝ «Օրենքի նախագծին «ռուսական օրենք» կեղծ պիտակն է տրվել, որի առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի պատկերացմամբ շեղում է եվրոպական կուրսից»։ Օրինագծի հեղինակները նշել են, որ հուզական ֆոնը մարում է, եւ իրենք մտադիր են ավելի լավ բացատրել հանրությանը՝ ինչի համար էր օրինագիծը, եւ ինչու էր կարեւոր Վրաստանում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» ապահովումը։
Անանուն ցուցարարը՝ ապատեղեկատվության աղբյուր
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը նախօրեին հերքել է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ Վրաստանյան pirvelinews.com գործակալությունը, հղում անելով ոմն անանուն ցուցարարի, տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ «Բոլորը ռուսերեն են խոսում»,- ըստ pirvelinews.com-ի` ասել է ցուցարարը՝ նշելով, թե այդ ռուսերեն խոսակցություններից ձայնագրություն ունի։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ալիք Մեդիա Վրաստան»-ին հայտնել են, որ տարածված տեղեկությունը կեղծ է եւ որեւէ աղերս չունի իրականության հետ: Դեսպանությունում լրատվամիջոցներին հորդորել են զերծ մնալ նման ստահոդ տեղեկության տարածումից, ինչպես նաեւ չտրվել սադրանքների։