Եթե կնոջը Ռուսաստանում միջինացված աշխատավարձ վճարեին տնային գործերի, երեխաների եւ ընտանիքի մյուս անդամների ու հարազատների խնամքի եւ հոգածության համար, ապա դա 2021 թվականի հաշվարկներով կլիներ ոչ պակաս, քան 22,3 տրիլիոն ռուբլի կամ ՌԴ ՀՆԱ-ի 17 տոկոսը։ Համաձայն «ՌոսՍտատի» տվյալների՝ կանայք տնային գործերի եւ ընտանիքի անդամների, հարազատների հանդեպ խնամքի ու հոգածության վրա 2,3 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում, քան տղամարդիկ։ Միջինը յուրաքանչյուր ռուսաստանցի կին վերոնշյալի վրա ծախսում է ոչ պակաս, քան 4 ժամ 20 րոպե։
Սակայն միայն սա չէ, որին կարելի է ուշադրություն դարձնել։ Ռուսաստանում աշխատանքային գործունեության ծավալման հարցում տղամարդկանց եւ կանանց իրավահավասարությունը խախտված է այլ ասպեկտներով եւս։ Այսպես, ըստ ուսումնասիրությունների, կանայք ավելի քիչ են նախընտրում մեկնել աշխատանքային գործուղումների կամ աշխատանքային տեղափոխությունների ավելի քիչ եմ համաձայնում, քան տղամարդիկ։ Նրանք նաեւ, ի տարբերություն տղամարդկանց, նախընտրում են գտնել աշխատանք, որն ավելի մոտ է տանը, որպեսզի հասցնեն նաեւ տնային գործերը։
Ի դեպ, Ռուսաստանում թեեւ քաջալերվում են ծնելիությունը, ընտանիքը եւ մայրությունը, սակայն 20-44 տարեկան կանայք, որոնք չունեն երեխաներ, ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան անչափահաս երեխաներ ունեցող նույն տարիքային խմբի կանայք, նույնիսկ եթե աշխատանքային փորձի, գիտելիքի եւ հմտությունների առումով նույն կարգավիճակում են։ Աշխատավարձային տարբերությունը, այս ասպեկտով, 4 տոկոս է։
Սրան հակառակ՝ երեխաներ ունեցող տղամարդիկ 3 տոկոս ավելի են աշխատավարձ ստանում, քան ընտանիք ու երեխաներ չունեցող տղամարդիկ։ Իսկ ահա պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանում 2021 թվականի դրությամբ կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը եղել է 27,5 տոկոս։ Սա այն դեպքում, երբ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը կանանց եւ տղամարդկանց միջեւ աշխատանքի վճարման տարբերությունը գլոբալ առումով գնահատում է 16-22 տոկոս։