Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2023 թվականի զեկույցը, որում Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով 54 միավոր: Նախորդ տարվա զեկույցում եւս Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում էր 55 միավորով։ 2023-ի զեկույցում Ադրբեջանը դասվել է «ոչ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով ընդամենը 9 միավոր: Վրաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է՝ 58 միավորով: Թուրքիան եւս դասվել է ոչ ազատ երկրների շարքում՝ 32 միավորով:
Զեկույցի հեղինակներն անդրադարձել են Հայաստանի անվտանգային իրավիճակին: «2022-ի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Պաշտոնական զեկույցները պարունակել են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել»,- նշված է փաստաթղթում: Ընդգծվել է, որ ՀԱՊԿ-ի արձագանքը Ղազախստանի ճգնաժամին կտրուկ հակադրվում է կազմակերպության միակ «մասամբ ազատ» անդամ Հայաստանին չաջակցելուն, որի ինքնիշխան տարածքը ենթարկվել է հարձակումների Ադրբեջանի կողմից։
Նշվել է նաեւ, որ Ուկրաինայում պատերազը խաթարել է Ռուսաստանի կառավարելու կարողությունը, ինչը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական ռեժիմն ուժեղացրել է ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ՝ չնայած Ռուսատանի կողմից անվտանգության երաշխիքներին։ Ադրբեջանի զինված ուժերը գրավել է Հայաստանից տարածքներ սահմանի երկայնքով՝ մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը։