Հայսատանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները հայտարարել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Մասնավորապես, Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հերքել է Բաքվի հայտարարությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները մարտի 8-ի 21։30-ից մինչեւ մարտի 9-ի 04։15-ն իբր կրակ են բացել Արցախի Շուշիի, Մարտունու, Ասկերանի եւ Բերձորի շրջանների՝ Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Արցախի ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է։
ՀՀ պաշտպանության նախարարությունում եւս հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը: «Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին եւ լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: