Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհանգստություն է հայտնել Արցախում վերջին իրադարձությունների կապակցությամբ:
«Խիստ անհանգստացած եմ վերջին մահաբեր բախման եւ փոխհրաձգության մասին նոր հաղորդումներով: Բռնությանն արդարացում չկա. բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանը բավական տուժել է ռազմական գործողություններից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու հանուն հարատեւ ու արդար խաղաղության»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Կլաարը։
Բրեդ Շերմանը Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու կոչ է արել
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արել 2024 ֆինասնական տարում ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի շրջափակման մեջ հայտնված արցախցիներին: Ամերիկացի կոնգրեսականը հայտարարել է, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը «չարամտորեն» դարձրեց Ադրբեջանի մաս: «Դրա հետեւանքը սարսափելի հակամարտությունն էր, այդ թվում՝ այժմ այդ տարածաշրջանում ապրող հայերի 3 ամսվա շրջափակումը: Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք ունեն, եւ ես հուսով եմ, որ դուք մեծահոգի կգտնվեք եւ մարդասիրական օգնություն կտրամադրեք Արցախի ժողովրդին»,-ընդգծել է Բրեդ Շերմանը:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին կոչ է արել 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին եւ 50 միլիոն դոլար՝ Արցախին։