Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) եւ ԱՄՆ այլ հետախուզական ծառայությունները, որոնք հայտնի են «Հետախուզական համայնք» (Intelligence Community) հավաքական անվամբ, 2023-ի գլոբալ սպառնալիքների վերլուծության (Annual Threat Assessment) մեջ նշել են, որ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը ձգտելու է ռազմական ճնշում գործադրելու։ Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի բացակայությունը, պետական սահմաններին ԶՈՒ-ի մոտ լինելն ու հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողության մեխանիզմի բացակայությունը՝ ամերիկյան հետախուզական համայնքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության պահպանում է կանխատեսում։
Ըստ վերլուծության՝ լարվածությանը նպաստում է նաեւ Ադրբեջանի նպատակային ռազմական ճնշումը։ Սահմանի անմիջական հարեւանությամբ զորքերի ներկայությունը բարձրացնում է ռազմական բախումների վտանգը, թեպետ դրանք սահմանափակ կլինեն իրենց տեւողությամբ եւ ինտենսիվությամբ։ Նշվում է նաեւ, որ 2021-ին մայիսից հայ-ադրբեջանական սահմանին եւ Արցախում պարբերաբար ռազմական բախումներ են եղել։ «Հակամարտության ամենաուժեղ բռնկումը տեղի ունեցավ 2022-ի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված գրոհ սկսեցին սահմանի մի շարք հատվածներում` զավթելով հայկական տարածքներ։ Հակամարտությունը շուրջ 300 մարդու կյանք խլեց»,– հայտարարում են զեկույցի հեղինակները։
Խաղաղ բանակցություններում որոշակի առաջընթաց է արձանագրվել, սակայն պետական սահմանների եւ Արցախյան հարցի առնչությամբ ամենաբարդ հարցերը դեռ չլուծված են մնում։
Թարմացում
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 9-ի 17:50-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության՝ հայկական կողմը կորուստներ չունի: 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: