Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը հեղինակել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը։
Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա նպատակը ոչ թե էկոլոգիական տեղեկությունների տրամադրմամբ «հասարակության տեղեկացվածության, իրազեկման մակարդակի բարձրացմանը» էականորեն նպաստելն է, ինչպես նշված է հիմնավորման մեջ, այլ էկոլոգիական տեղեկությունների տրամադրումը մերժելու հիմքեր ստեղծելը։
Այս գործընթացը նոր չէ։ Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին կառավարությունը նախաձեռնել էր փոփոխություններ կատարել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում՝ էկոլոգիական տեղեկությունների տրամադրումը սահմանափակելու նպատակով։ Սակայն այդ նախագիծը հետո չքննարկվեց, փոխարենը, ահա, մի պատգամավորի ստորագրությամբ 2023 թվականի հունվարի 16-ից շրջանառության մեջ է դրված վերոհիշյալ օրինագիծը։
Միանգամից ասենք՝ զուտ էկոլոգիական տեղեկությունների տրամադրման առումով այս նախագիծը համարյա ոչինչ չի ավելացնում տեղեկություններ ստանալու այն իրավունքներին, որոնք սահմանված են 2003 թվականին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով։ Ի դեպ, այս օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասն ասում է՝
3. Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝
…2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը:
Այսինքն՝ գործող օրենքով բնապահպանական տեղեկությունների տրամադրումն ընդհանրապես չի կարող մերժվել։ Իսկ մերժման ի՞նչ հիմքեր է սահմանում պատգամավորի մշակած այս օրինագիծը։ Մեջբերենք նախագծի 13-րդ հոդվածը։
«Տեղեկատվություն տնօրինողը մերժում է էկոլոգիական տեղեկատվության տրամադրումը, եթե այդպիսի հրապարակումը բացասաբար կանդրադառնա`
1) միջազգային հարաբերությունների, ազգային անվտանգության եւ պաշտպանության վրա.
2) արդարադատության իրականացման, այդ թվում անձանց` արդար դատաքննության իրավունքի իրականացման, պետական մարմինների կողմից քրեական, վարչական կամ կարգապահական վարույթի գործերով նախաքննության գաղտնիության վրա, կամ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ.
3) շրջակա միջավայրի վրա, կարող է վտանգել կամ վնասել շրջակա միջավայրը հատկապես անհետացման եզրին գտնվող բույսերի կամ կենդանիների բազմացման վայրերի մասին.
4) երրորդ կողմի շահերի վրա, եթե վերջինս պարտավոր չէ տրամադրել կամ չի տվել իր համաձայնությունը տեղեկատվությունը հրապարակելու համար.
5) եթե հարցումը վերաբերում է համապատասխան մարմնի կամ կազմակերպության ներքին փաստաթղթաշրջանառությանը.
6) օրենքով նախատեսված այլ դեպքերում»։
Նման ձեւակերպումներով կարելի է սահմանափակել ցանկացած էկոլոգիական տեղեկության տրամադրում, եւ դրան չեն օգնի անգամ նախագծի հաջորդ՝ 14-րդ հոդվածով նախատեսված վերապահումները։
Օրինակ՝ Ամուլսարի հանքի շահագործումից հետո որեւէ կերպ հնարավոր չի լինի ստանալ դրա վնասակարության մասին տեղեկություններ, որովհետեւ դրանք կմերժվեն, ասենք, նախագծի վերոբերյալ 13-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի հիմքով։
Դեռեւս փետրվարի 20-ին 16 հասարակական կազմակերպություններ այս օրինագծի վերլուծությամբ հայտարարություն են տարածել։ Այդ վերլուծության մեջ ամենայն մանրամասնությամբ ներկայացված են նախագծի բոլոր վտանգներն ու բացասական հետեւանքները։ Իսկ եզրակացությունը հետեւյալն է՝ «Նախագիծը պարունակում է միջազգային չափանիշների, լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև գործող օրենսդրության համեմատությամբ մի շարք հետընթաց կարգավորումներ՝ հանգեցնելով տեղեկատվության ազատության իրավունքի անհիմն և անհամաչափ սահմանափակման զգալի ռիսկերի»։
Մնում է հասկանալ, թե այս նախագծով (որ ամենայն հավանականությամբ օրենք կդառնա) հանրությունից ի՞նչ տեղեկություններ թաքցնելու հիմքեր է ուզում ստեղծել իշխանությունը։ Ասում եմ իշխանությունը, որովհետեւ միանգամայն պարզ է, որ առանց ամենավերին հրահանգի մի պատգամավոր նախագիծ չէր ներկայացնի։
Ի դեպ, չէր խանգարի, որ նախագիծը մշակողը (կամ մշակողները) մի քիչ հայոց լեզու սովորեին եւ տարբերեին «տեղեկություն» եւ «տեղեկատվություն» եզրույթները։ Նախագծում ամենուր «տեղեկություն» եզրույթի փոխարեն օգտագործված է «տեղեկատվությունը»։ Օրինակ՝ «Տեղեկատվություն տնօրինողը մերժում է էկոլոգիական տեղեկատվության տրամադրումը…», մինչդեռ պիտի լիներ տեղեկության տրամադրումը։ Կարելի էր գոնե օրինագիծ մշակելուց առաջ կարդալ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որտեղ հստակ սահմանված է «տեղեկություն» եզրույթը (հոդված 3).
տեղեկություն՝ անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։
Իսկ տեղեկատվությունը, հարգելինե՛րս, տեղեկություններ տալն է, այսինքն՝ հրապարակմամբ կամ այլ ձեւով հանրությանը տեղեկություններ փոխանցելը։
Հիմա էլի կասեք՝ ինչ ես կորցրել, ինչ ես ման գալիս։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։