Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, մեկնաբանելով Հարավային Կովկասում լարվածության պահպանման վերաբերյալ ԱՄՆ հետախուզական ծառայությունների զեկույցը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԼՂՀ հակամարտությունը կարգավորելու համար։ Փրայսը նշել է, որ տարածաշրջանային իրավիճակը հակված է բռնության։ Նշելով, որ սա հին հակամարտություն է՝ նա շեշտել է, որ ԱՄՆ-ը ձգտում է հնարավոր ամեն բան անել աջակցելու համար այդ հակամարտության կարգավորմանը։
«Մենք մտադիր ենք շարունակել անել դա` աշխատելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, աջակցելով երկխոսության եւ դիվանագիտության նրանց ջանքերին, նաեւ բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով օգնելով այս երկրներին ինքնուրույն դիվանագիտություն վարել եւ հուսով ենք՝ նրանք ի վիճակի կլինեն հասնելու համաձայնությունների»,- ասել է Պետդեպի խոսնակը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը մարտի 10-ին հանդիպել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ քննարկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության առաքելությանը Հայաստանում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեեւ ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, սակայն անդամներից 50-ը ժանդարմներ են։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են նաեւ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն մարտի 10-ին ավելի վաղ այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթեւեկության համար։ «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա»,– ասված է հաղորդագրությունում։ Քվինը մարզպետի հետ հանդիպմանը կրկնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու կոչը։