Հայաստանում բոլորը՝ իշխանությունը, ընդդիմությունը, «փորձագետները» եւ որձագետները, մերձագետներն ու տաքսիստները, տարատեսակ փրկիչներն ու դրկիցները, բոլոր-բոլորը գուժում են նոր էսկալացիա։ Նման կանխատեսում անում է նաեւ ԱՄՆ հետախուզությունը.
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված եւ երբեմն անկայուն խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին ռազմական ուժերի մերձավորությունը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը եւ Ադրբեջանի պատրաստակամությունը` օգտագործելու ռազմական թիրախավորված ճնշում Հայաստանի հետ բանակցություններում սեփական նպատակները առաջ մղելու համար»։
Նմանապես, սպառնում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, երբ Հայաստանին «զգուշացնում» է, թե որքան հայկական կողմը չգնա բանակցությունների, այնքան սահմանային սրացումներն ու բախումները շարունակվելու են։ Ցավոք, ուղիղ խոսքը հայտնի կենդանուն են ասում, մեզ, ինչպես տեսնում եք, արդեն այդպիսին են դիտում, ու սա դեռ վերջը չէ։
Այս աղետագուժման մրցավազքին միանում է նաեւ վարչապետ Փաշինյանի բոթաբեր ելույթը Ադրբեջանի կողմից ագրեսիայի նոր սանձազերծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների եւ ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների մասին։
Իրավամբ, բանակցային գործընթացի ու խաղաղության դարաշրջանի հիանալի օրինակներ։
Ալիեւը շարունակում է, ուրեմն, ցեղասպան քաղաքականություն վարել, էթնիկ զտումներ անել՝ միաժամանակ «հաղորդելով», թե հայկական կողմի հետ խաղաղության հասնելու խոչընդոտ չկա։ Հայկական կողմն էլ հայտարարում է, որ մեզ պետք է միջազգային, փաստահավաք առաքելություն, ու մենք հավատարիմ ենք խաղաղության գործընթացին ու բանակցություններին։
Ցավոք, ողջախոհությունը հուշում է, որ Ալիեւը չի ավարտելու Հայաստանի վրա ռազմաքաղաքական ու դիվանագիտական ճնշումները։ Չեն դադարելու սադրանքներն ու դիվերսիաները թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ։ Չի ավարտելու, որովհետեւ «Սահմանք քաջաց զէնն իւրեանց, որքան հատանէ՝ այնքան ունի»։
Ավելին՝ Ադրբեջանը ուղղակի սինխրոն է Ռուսաստանի հետ, որը դեմ չէ Լաչինի միջանցքի սահմանային անցակետի կառուցմանը, սկաներների տեղադրմանը, պարզապես ցանկալի է, որ այդ անցակետը եւ սքաներները կառավարվեն ռուս խաղաղապահների կողմից։
Դրա մասին էլ խոսում է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ «ձեռքի հետ» նշելով, որ այդ անցակետն ու սքաներները պետք է վերահսկվեն խաղաղապահների կողմից։
Տրամաբանական է, ինչ խոսք, չէ՞ որ միջանցքի պատասխանատուն հենց խաղաղապահներն են, որոնք ուղղակի հետեւում են, թե ինչպես է Ադրբեջանը արյունաքամ անում Արցախը, սպանում նրա քաղաքացիներին, դժոխք է դարձրել նրանց կյանքը՝ համոզել-հարկադրելով լքել Արցախն ու իր համար գլխացավ չդառնալ ապագայում։
Բայց կարելի է տրամաբանություն գտնել նաեւ ՀՀ իշխանությունների պահվածքում՝ մենք բանակցում ենք խաղաղություն, բանակցում ենք Արցախի խնդրից զատ (չէ՞ որ ազդեցություն չունենք դրա վրա), բանակցում ենք արեւմտյան եւ ռուսական հարթակում, բայց, հորիզոնի պես, որքան բանակցում ենք, այդքան հեռանում է խաղաղությունը։ Որքան բանակցում ենք, այդքան շարունակվում են զտումներն ու ցեղասպանությունը։
Որովհետեւ թույլի հետ բանակցություն չի լինում, լինում են ճնշումներ, ռազմական գործիքներով դիվանագիտական կամքի պարտադրում, զոհեր, տարածքների բռնազավթում, կարճ ասած՝ հարկադրանքի ու կամքի պարտադրման ողջ սպեկտրը՝ ըստ ճաշակի։
Եվ դա կշարունակվի լինել, քանի դեռ հայտարարված է, որ մեր առաջնահերթությունը անվտանգությունն է, բայց սոցապ բյուջեն ռազմական բյուջեից ավելի է 100 միլիարդ դրամով, իսկ ուկրաինական պատերազմի անուղղակի հետեւանք՝ ՌԴ քաղաքացիների ու բիզնեսների բերած 1.5 մլրդ եկամուտը ուղղվում է ոչ թե բանակին կամ կապիտալ ենթակառուցվածքային ծախսերին, այլ սուբսիդիաներին ու բնակչության լոյալացմանը։
Որովհետեւ բանակի ռեֆորմի փոխարեն զբաղված ենք իմիտացիայով, բնակարանաճարությամբ, որովհետեւ ռեֆորմները թղթի վրա են։ Եվ ուրեմն, Հայաստանի պաշտպանողության ամրապնդման փոխարեն զբաղված ենք ձեւականություններով, ծաղիկ ու ձկնիկ նկարելով, հորովելներ ու ողբերգական նարատիվներ արտադրելով, իսկ դիմացը՝ թշնամին շարժվում է։ Եվ կշարժվի անընդհատ, հետեւողականորեն, ինչպես որ շարժվել է նախորդ տասնամյակների ու վերջին երեք տարիների ընթացքում։
Մենք ուրեմն շանս չունենք դուրս գալու այս մղձավանջից՝ այս խելքով ու այս քայլերով։ Ավելին, դատապարտված ենք կոտրած գրամոֆոնի սկավառակի պես ամեն ամիս կամ ամեն շաբաթ բողոքելու դժխեմ բախտից, գուժելու նոր զտումներ ու ցեղասպանություններ եւ «անսպասելիորեն» շարունակելու զբաղվել ներքին էլեկտորալ կոնսյումերիզմի բուծմամբ, հաց՝ լոյալության դիմաց, սուբսիդիա ու ատեստացիա՝ հավատարմության դիմաց։
Իսկ սահմանը, դե սահմանի հերն էլ անիծած, դժվար թե «ոսոխի» զորքերը հասնեն Երեւան, իսկ եթե հասնեն էլ, մեր բոլորի կողմից սիրված ՈՄԱ-ն կամ Ազատազէնը մեզ սովորեցնում են կրակել, առաջին օգնություն եւ ինքնապաշտպանություն, ուրեմն փրկված ենք կամ առնվազն կդիմադրենք, կդիմադրենք կանոնավոր բանակին՝ պարտիզանաբար։ Հիանալի հնարավորություն՝ կարելի է հանգիստ խղճով թուլանալ, մոռանալ ու առաջնորդվել հիփոթեքային տրամաբանությամբ։ Ի վերջո, ի՞նչ պակաս հանրային պայմանագիր է, ի՞նչ պակաս ռազմավարություն։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։