Euronews-ը հայտնում է, որ Լատվիայի իշխանությունները հարբած վարորդներից առգրավված մեքենաների առաջին խմբաքանակն ուղարկել են Ուկրաինա, որտեղ մեքենաները կհանձնեն բանակային ստորաբաժանումներին եւ բժիշկներին։ Երկու ամսում 200 մեքենա են առգրավել այն վարորդներից, որոնց արյան մեջ ոստիկանները 0,15%-ից ավելի ալկոհոլի պարունակություն են հայտնաբերել ստուգումների ժամանակ։ Ավելի վաղ Բալթյան այս հանրապետության Սեյմը օրենք էր ընդունել Ուկրաինայի խաղաղ բնակչությանն աջակցելու մասին, որը թույլ է տալիս առգրավված մեքենաները տեղափոխել Կիեւ։
Լատվիայի պետական եկամուտների ծառայությունը հաստատել է, որ առաջին ութ մեքենաները, որոնք նախկին սեփականատերերն այլեւս չեն վարի, քանի որ ձերբակալվել են ոչ սթափ վիճակում եւ հրաժարվել են հետազոտվելուց, փոխանցվել են Agentum ասոցիացիային։ Կազմակերպությունը զբաղվում է նվիրատվությունների հավաքմամբ եւ Ուկրաինա տրանսպորտային միջոցների առաքմամբ՝ ամենագնացներ, շտապօգնության մեքենաներ եւ այլն: 2022-ի փետրվարից մինչեւ մայիս խումբը հայտարարել է, որ իրենք ավելի քան 900 մեքենա են հանձնել Ուկրաինային, իսկ ներկա դրությամբ հանձնված մեքենաների թիվը հասնում է 1200-ի: Պետական մարմինների առգրավված մեքենաները սովորաբար վաճառվում, վերամշակվում կամ ապամոնտաժվում են պահեստամասերի համար: Սակայն Agentum-ի խմբի աշխատանքը տեսնելուց հետո Լատվիայի իշխանությունները մտածել են, որ այդ մեքենաները կարող են օգտակար լինել իրենց երկիրը ռուսական ներխուժումից պաշտպանող ուկրաինացիների համար:
Agendum խմբի ղեկավար Ռեյնիս Պոզնյակսը թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ Ուկրաինային փոխանցված ավտոմեքենաները «ոչ միայն Լատվիան կմաքրեն ալկոհոլից, այլեւ կփրկեն նրա գաղափարական կարման»։ Մեկ այլ գրառման մեջ նա ցավով անդրադառում է Լատվիայում հարբած վարորդների վիճակագրությանը` նշելով, որ դրանք «պայթյունավտանգ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր» են Լատվիայի ճանապարհներին: «Ախր սրանք բոլոր առգրավվածների 5%-ն էլ չեն կազմում: Քանի՞սն են դեռ չբռնված: Հաճելի է օգնել Ուկրաինային, բայց Ճանապարհներին պոտենցիալ մարդասպանների թիվը, որն անցնում է 1500-ից, իսկապես սարսափելի է»: